ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈ՞ՒՄ Է ԱՅՑԵԼԵԼ ՐԱՖՖՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արդեն 6-րդ օրն է, ինչ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է հացադուլի մեջ: Նրան այս օրերի ընթացքում այցելել են մի շարք քաղաքական գործիչներ՝ իրենց զորակցությունը հայտնելու: Սակայն Սերժ Սարգսյանը դեռ չի այցելել:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանը կայցելի՞ հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Իշխանության հանրային ավանգարդի զրույցներից դատելով՝ նման այցի զոնդաժ է տեղի ունենում, ամենայն հավանականությամբ, նախապատրաստվում է նման այց: Բայց վստահ չեմ, որ մինչեւ Սերժ Սարգսյանը զարգացման ամուր սցենար չունենա, չի այցելի Րաֆֆուն: Հաշվում են, թե փիառի օգուտն ինչպես անեն, որ քաղաքական վնասից ավելին լինի, ու դեռ չեն գտնում այդ ամենը: Այս փոքրիկ մարտում Րաֆֆին առայժմ հաղթած է: Հիմա, իմ կարծիքով, Սերժ Սարգսյանը պատրաստ չէ նման այցի: Իրենց վարչախմբով նստած հաշվում են, թե ինչ լավատեսական սցենար կարելի է մոգոնել: Ինձ թվում է, որ դժվարությունների մեջ են: Իսկ «տապոռ» ռազմավարությունն այս անգամ չի օգնի: 
ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ 

ՊԱՏԱՍԽԱՆ. Չգիտեմ, դա իրենի՛ց հարցրեք: Վերջիվերջո, դա չէ նպատակը՝ այցելել կամ  չայցելել, բայց որ քայլ պետք է կատարել՝ իրավիճակը հետագա սրացումներից զերծ պահելու համար, միանշանակ է: Իսկ թե ինչպես, ա՛յ դա այլ հարց է: Այսինքն՝ ոչ թե ինքնին գնալ-չգնալու հարցն է գլխավորը, այլ թե ինչ խնդիր են լուծելու այդ հանդիպման ժամանակ: 
ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ
իրավապաշտպան
ՊԱՏԱՍԽԱՆ. Սա այն հարցն է, որի պատասխանը չունեմ: Ինչ վերաբերում է ենթադրությանը, թե ինչ է մտածում այդ մասին վարչախումբը, ապա, եթե հնարավոր է, արժեզրկել, լղոզել, ծածկադմփել… բոլոր ջանքերը գործադրել, որ դա մատուցվի որպես մե՜ծ «բարեհոգություն»:
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ
դերասան 
ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարող ասել՝ կգնա արդյոք Սերժ Սարգսյանը, թե ոչ, եւ, առհասարակ, չեմ սիրում կանխագուշակմամբ զբաղվել:
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱԺ պետաիրավական հարցերի 
մշտական հանձնաժողովի 
նախագահ 
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կարծում, որ Սերժ Սարգսյանը մի քիչ կձգձգի, բայց կայցելի, որից հետո մի քանի քայլեր կանի ալիքը մարելու նպատակով: Նա նաեւ այս առիթն օգտագործելու է իր մի քանի յուրայիններին ոչնչացնելու համար:
ՎԱՀԱՆ ԹՈՒՄԱՍՅԱՆ
«Շիրակ կենտրոն» հկ-ի 
նախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս