ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ժամը 14:00-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործով արդարացվածների բողոքի քննությունն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի:
Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը պահանջում են Գ. Ջհանգիրյանից հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասն ու հրապարակային ներողություն խնդրել:
Հայցադիմումի համար հիմք է հանդիսացել 2012թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռից հետո Գ. Ջհանգիրյանի կողմից տրված հարցազրույցը: Մատաղիսի գործի շրջանակներում Ա. Զալյանը, Մ. Սերոբյանը եւ Ռ. Սարգսյանը տարիներ շարունակ մեղադրվել են չկատարած հանցագործության մեջ:
Իր տված հարցազրույցում Գ. Ջհանգիրյանը հայտնել է. «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «Դրանք մարդասպան են», «Դրանք մարդասպաններ են եւ պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:
«Գագիկ Ջհանգիրյանն իր արտահայտություններով նպատակ է ունեցել արատավորելու Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի եւ Ռազմիկ Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաեւ խախտել է նրանց անմեղության կանխավարկածը՝ միտում ունենալով բացասական տպավորություն ստեղծել»,-նշված է հայցադիմումի մեջ:
Ա. Զալյանը, Մ. Սերոբյանը եւ Ռ. Սարգսյանը պահանջում են վիրավորանք հասցնելու համար Գ. Ջհանգիրյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել, հօգուտ իրենց բռնագանձել 300.000 ՀՀ դրամ վիրավորանք հասցնելու եւ 300.000 ՀՀ դրամ զրպարտելու համար, ինչպես նաեւ ճանաչել Ա. Զալյանի, Մ. Սերոբյանի եւ Ռ. Սարգսյանի անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը:




Լրահոս