Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ` կթանկանա ոչ միայն ձուն, այլեւ ձկնեղենը: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց ձկնաբույծների միավորման նախագահ Արթուր Աթոյանը: Իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախօրեին սկսել է գնային վերահսկողություն իրականացնել ձկնեղենի շուկայում եւ արձանագրել, որ այս պահին գնային էական փոփոխություններ չկան:
«Այս նախատոնական շրջանում, իհարկե, սպասվում են թանկացումներ: Ձուկը կթանկանա 100-200 դրամով, իսկ տոնից հետո` էլ ավելի շատ»,-տեղեկացրեց Ա. Աթոյանը՝ ընդգծելով, որ ամեն տարի էլ նախատոնական շրջանում ձուկը թանկանում է:
Նա նշեց, որ տնտեսական ճգնաժամի արդյունքում շատ ձկնաբույծներ սկսեցին ինքնարժեքով ձուկ վաճառել: Դրա հետեւանքով մեծ թվով ձկնային տնտեսություններ փակվեցին, իսկ մյուսները խոշոր պարտքեր հավաքեցին: «Շատերը վաճառում են իրենց տնտեսությունները եւ հեռանում բիզնեսից: Այս ամենը լավ պայմաններից չէ: Իմ կարծիքով` էս թանկացումը ձկնաբույծներին կօգնի դժվար վիճակից ինչ-որ չափով դուրս գալ»,-նկատեց Աթոյանը:
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ ձկնեղենի թանկացման մյուս կարեւոր պատճառը Սեւանա լճում սիգի ոչնչացումն է: Նա հիշեցրեց, որ 90-ականների սկզբին՝ արցախյան պատերազմի ժամանակ, երբ երկիրը գտնվում էր սոցիալապես ծանր պայմաններում, մարդկանց համար սիգը ամենահասանելի ուտեստն էր:
«Մեր Սեւանում սիգը ոչնչացվել է: Այլեւս չի վերարտադրվում: Եվ հենց դա կարող է ազդել թանկացման վրա: Ժամանակին սիգը մեզ համար օգտակար էր, մատչելի, ծանր տարիներին այն մեզ շատ օգնեց, բայց մյուս կողմից էլ ոչնչացավ: Իսկ ձկնաբուծական տնտեսությունները չեն կարող այդ չափի ձուկ տալ, ինչքան Սեւանա լիճը: Այս ամենը, մեղմ ասած, բարբարոսական վերաբերմունքի հետեւանք է»,-ներկայացրեց Պողոսյանը՝ նշելով, որ պահանջարկի ավելացման պատճառով հնարավոր են նաեւ գնային չարաշահումներ: Նրա համոզմամբ` թանկացումների մյուս պատճառը հետընտրական շրջանն է:
Պողոսյանի խոսքով` գնային չարաշահումները կանխելու համար անհրաժեշտ է ունենալ «գինը պետական ձեւով սահմանելու կարգ», բացի այդ, պետք է խիստ լինի «հարկային ապարատը». «Այստեղ բուժումը մեկն է: Ամեն մեկն իրավունք ունի գին սահմանել: Եվ բարձր գին սահմանելը նույնպես չի արգելվում: Բայց խնդիրն այն է, որ բարձր գին նշանակում է բարձր շահույթ, նրանք պետք է հարկվեն: Պետք է բարձրացնեն այնքան, ինչքան թույլ է տալիս տնտեսական հիմքը, ոչ թե ագահությունը»:
Այս օրերին սպառողների միությունն անընդհատ ահազանգեր է ստանում թանկացումների վերաբերյալ: «Մարդկանց մոտ վճարունակության խնդիր կա: Բողոքում են գներից: Իսկ դրա կառավարողը կա՛մ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է, կա՛մ էլ պետեկամուտների կոմիտեն: Այդ երկու պետական կառույցները պետք է հսկեն՝ իհարկե, մեր օգնությամբ ու մասնակցությամբ»,-լրացրեց Ա. Պողոսյանը:
ՀՀ ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ձկնեղենի շուկայում կա երկու գերիշխող ընկերություն՝ «Յունի ֆիշ»-ն ու «Մասիս ձուկ»-ը: Եվ հիմա նրանք տվյալ շուկայում սկսել են իրականացնել գնային վերահսկողություն: «Այս պահին գնային էական փոփոխություններ կամ տատանումներ դեռ չկան: Մենք վերահսկում ենք շուկան: Այն հատուկ հսկողության տակ է վերցվել. տնտեսվարողները տեղեկացված են եւ մեզ ներկայացրել են համապատասխան հաշվետվություններ»,-ավելացրեց ՏՄՊՊՀ խոսնակը՝ ընդգծելով, որ ձկնեղենի շուկայում ամենօրյա կտրվածքով մոնիթորինգի դիտանցումներ են իրականացվելու, որպեսզի ավելացող պահանջարկի պայմաններում տեղի չունենան գնային չարաշահումներ:
«Յունի ֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մկրտչյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց ընկերությունը ձկների գները չի բարձրացնելու: «Մենք մինչ օրս չենք թանկացրել եւ չենք էլ պատրաստվում թանկացնել»,-հավաստիացրեց ամենամեծ ձկնարտադրող ընկերություններից մեկի տնօրենը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ