ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԾԱԿՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԱՉՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թմրամիջոցներ պահել եւ օգտագործել, ճանապարհային երթեւեկության կանոնները  խախտել, սաունաներում, գիշերային ակումբներում ու ռեստորաններում «տժժալ», ինչպես նաեւ քաղաքում թիկնապահներով ամենակարող երեւալ: Ահա այսպիսի ապրելակերպով են հիմնականում փայլում հայտնի հայրիկների «անմեղ» բալիկները:
Խոսենք փաստերով: Մարտի 15-ին թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել 2 երիտասարդի: Ըստ shmashyan.com-ի՝ քրեական հետախուզության աշխատակիցները Թումանյան փողոցի 2-րդ անցուղի թիվ 5 շենքի մոտ «Մերսեդես Բենս» 450 մակնիշի 008 ՈՈ 02 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ: Նշված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Նվեր Չախոյանի տղային՝ 22-ամյա Նարեկ Չախոյանին: Վերջինիս հետ այդ պահին ավտոմեքենայում է եղել նաեւ Երեւանի ավագանու անդամ, «Ճըվճըվ» Արո մականվամբ Արա Վարդանյանի տղան՝ 21-ամյա Սարգիս Վարդանյանը: Ըստ տեղեկությունների՝ Նվեր Չախոյանը ոստիկանին հայտնել է, որ նշված թմրանյութը պատկանում է իրեն, իսկ «Մերսեդես»-ի դիմապակուց բացակայել են  ԱՊՊԱ տեխզննման կտրոնները:
Ինչեւէ, կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Երեւան քաղաքի ավագանու անդամ Արա Վարդանյանի հետ:
-Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր տղայի շուրջ կատարվող իրադարձությունները: 
-Չգիտեմ՝ ինչ է կատարվում, ու, գիտեք, այդ մասին կարող եք հարցնել հենց տեղեկությունը տարածողից, ես ոչինչ չգիտեմ: 
-Բայց չէ՞ որ Ձեր տղային են թմրանյութ պահելու եւ օգտագործելու մեջ մեղադրում, իսկ հորից լավ ո՞վ կարող է պատասխանել այս հարցին:  
-Իմ տղան նման բան չի անում:
-Վստա՞հ եք:
-Այո՛: 
-Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք այս ամենը:
-Չգիտեմ ու չգիտեմ նաեւ, թե ինչու են մեղադրում: Կներեք:
Արա Վարդանյանն այլեւս չցանկացավ պատասխանել մեր հարցերին եւ անջատեց հեռախոսը:
Փորձեցինք զրուցել նաեւ Նվեր Չախոյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Տեղեկացանք, որ Նվեր Չախոյանը հաճախ է լինում Նալբանդյան փողոցում գտնվող իր «Լուի Ֆորում» հագուստի խանութ-սրահում: Այցելեցինք այնտեղ, սակայն աշխատակիցներն ասացին, որ տնօրենը տեղում չէ: «Չգիտենք՝ երբ կգա, եւ հետո, գիտեք՝ պարոն Չախոյանի հետ այդքան հե՞շտ է զրուցելը, որ ցանկանում եք զրուցել»,-ասաց աշխատակցուհին:
Աշխատակիցներից մեկը զրուցեց նրա որդու՝ Նարեկի հետ ու ասաց, որ հնարավոր չէ խոսել ո՛չ Նարեկի, ո՛չ էլ նրա հոր` Նվեր Չախոյանի հետ:
«Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության կետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ տղաներին ստորագրությամբ ազատ են արձակել: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի առաջին մասով` («Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը` պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»):
Բայց հարուստ հայրիկների անունները չսահմանափակվեցին վերը նշված անձանց դեպքերով: Մարտի 4-ին ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) տղան` 24-ամյա Վարդան Կարապետյանը, իր «Բենթլի Կոնտինենտալ» 88 RR 888 համարանիշի մեքենայով, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, շրջել է քաղաքում, իսկ նրան ուղեկցել է «Տոյոտա Պրադո» մակնիշի 33 LD 840 համարանիշի ավտոմեքենան, որը, հետեւելով պատգամավորի տղային, նրան խախտումներով չի զիջել: Ոստիկաններին հաջողվել է կանգնեցնել պատգամավորի օրինախախտ տղային եւ մեքենան բերման ենթարկել ոստիկանության բաժին:
ԱԺ-ում հանդիպելով ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանին՝ փորձեցինք մեկնաբանություն ստանալ որդու արարքի վերաբերյալ:
-Պարո՛ն Կարապետյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր տղայի արարքը:
-Իմ տղան մեղք չունի:
-Ինչպե՞ս եք հիմնավորում, որ նա մեղք չունի: Չէ՞ որ նրա խախտումը նկարահանված է: 
-Նա խախտումներ չի արել: 
-Վստա՞հ եք:
-Հարյուր տոկոս: Նա իր կնոջ եւ երեխայի հետ է եղել եւ խախտում չի արել ու վերջ: Նման բան չի եղել, եւ, առհասարակ, նա թիկնապահով չի եղել, ու էլ ոչինչ չեմ կարող ավելացնել:
Տեղեկացանք, որ պատգամավորի տղային բերման են ենթարկել ոստիկանություն, տուգանել եւ ազատ արձակել:
Ինչը եւս մեկ անգամ վկայում է այն իրողության մասին, որ պարզապես բեմադրված շոու էր Կարապետյանին բերման ենթարկելը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս