ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 22-ին ոստիկանության Իջեւանի բաժնի դահլիճում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին Տավուշի մարզի համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, լրագրողներ: 
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Օհանյանը ներկայացրեց հերթական հանդիպման թեմաները՝ սեփականության պահպանություն, ժամկետային զինծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող, արտերկրում բնակվող մեր հայրենակիցների խնդիր: Պարոն Օհանյանն ասաց, որ  Իջեւանի տարածաշրջանում շատացել են գողության դեպքերը: Նա համայնքների ղեկավարներին հորդորեց բացատրական աշխատանք տանել խանութների տերերի հետ, որպեսզի  վերջիններս պահպանության հարցում ժլատություն չանեն եւ տեսաձայնային ազդանշանային  համակարգ գնեն: Նաեւ հավելեց, որ Իջեւանի թալանված ոսկու խանութում տեղադրված չեն եղել ո՛չ տեսախցիկներ, ո՛չ էլ ձայնային ազդանշանի համակարգ: Իսկ հանրակրթական դպրոցների տնօրեններին հորդորեց ավելի ուշադիր լինել դպրոցների գիշերային պահակների աշխատանքի վերահսկողության գործում:
Խորհրդակցության ժամանակ նշվեց, որ Տավուշում ժամկետային զինծառայությունից  խուսափելու համար շուրջ 300 հետախուզվող կա: Նրանց մոտ 40 տոկոսն այժմ 37 եւ ավելի տարեկան է, ուստի ազատվում է քրեական պատասխանատվությունից: Նրանցից շատերը Ռուսաստանի քաղաքացիություն ունեն, սակայն Հայաստանում նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերը փակված չեն: Համայնքների ղեկավարները պետք է աշխատանք կատարեն, որպեսզի դրանց վերաբերյալ գործերն օրենքով սահմանված կարգով  փաստաթղթային ձեւակերպում ստանան: Ժամկետային ծառայության տարիքային սահմանափակումը գերազանցած անձինք կարող են իրենց հանդեպ հետախուզումը դադարեցնելու նպատակով ՀՀ չգալ, բավական է հարազատներին կամ ընկերներին ուղարկել լիազորագիր` իրենց գործով զբաղվելու համար: 
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն անասնագողությունների խնդրի վերաբերյալ հարց ուղղեց: Ա. Օհանյանն ասաց, որ 2010թ. մարտին Կոթիում ադրբեջանցի 2 անասնագողերի ոչնչացումից հետո (սահմանը հատելիս սպանվել են սահմանապահների կողմից) Տավուշի սահմանագոտում այդ հանցագործությունները վերացել են: Վերջին տարիների միակ դեպքը եղել է 2012թ. Բաղանիսում: Իջեւանի տարածաշրջանի Այգեհովտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը հայտնեց, որ սահմանամերձ գյուղի դպրոցը եւ մանկապարտեզը գտնվում են Բերդի տարածաշրջան տանող ճանապարհի եզրին: Այգեհովտի տարածքում վարորդներն արագ են երթեւեկում, գյուղում գրեթե օրումեջ վթարներ են լինում: Գյուղապետն ասաց, որ կարելի է Իջեւան քաղաքի Անկախության փողոցի նման ասֆալտից թումբեր պատրաստել` արագ  երթեւեկը կանխարգելելու համար: Պարոն Օհանյանը նկատեց, որ նման թմբերն անօրինական են, եւ հավելեց, որ իրենք պետավտոտեսչության ուշադրությունը կհրավիրեն Այգեհովտի տարածքում երթեւեկության արագության վերահսկողության խնդրի վրա: 
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս