Երբվանից ՃՈ-ն կսկսի մգեցված ապակիներով ավտոմեքենաների դեմ «որսը». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին մեքենաների ապակիները մգացնելու համար նախատեսված կետերում մեծ հերթեր են գոյացել, քանի որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունն առաջիկայում կսկսի ստուգել ՀՀ-ում առկա մեքենաների ապակիների մգեցվածության աստիճանը: Եւ որպեսզի խուսափեն տուգանքից, վարորդները լծվել են իրենց մեքենաների ապակիների մգեցվածությունը թուլացնելու գործին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՃՈ-ն այդ ստուգումները նախատեսում է սկսել նոյեմբերի 11-ից:

ՀՀ ոստիկանության՝ օրերս տարածված հայտարարության համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջեւի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, եւ մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին եւ անձրեւի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգացված թաղանթով):

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս: Իսկ առջեւի դռների, առջեւի կողային եւ այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների (հետեւի դռների ապակիներ եւ հետեւի դիտապակի) լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր:

Եւ եթե վարորդները չեն պահպանում այս որոշմամբ սահմանված նորմերը, ապա խախտման համար նրանց սպասվում է տուգանք: Այսպես, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապակիների լուսաթափանցելիության չափի կամ կարգի խախտմամբ՝ վարագուրապատված տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50 հազար դրամ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս