«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկանում է, որ այս տարվա հուլիսի 31-ին ՀՀ Ազգային պատկերասրահից 51 հատ թանգարանային առարկաներ, կամ ավելի ճիշտ՝ կտավներ, հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեին՝ մեկ տարի ժամկետով ժամանակավոր պահպանության: Իսկ ավելի կոնկրետ՝ կտավները տրվել են քննչական կոմիտեին՝ վերջինիս նորակառույց շենքը զարդարելու համար: Այսինքն՝ Հայաստանի պետական հարստություն հանդիսացող թանգարանային առարկաներն արդեն սկսել են ծառայեցնել պետական գերատեսչությունների «դիզայնն» ապահովելու համար:
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշված «գործարքի» առնչությամբ ասաց. «Այդ նկարները ոչ թե ցուցադրված են եղել ազգային պատկերասրահում, այլ պահուստային ֆոնդի նկարներն են: Դրանք տեղադրված են մեզ մոտ, եւ ցանկացած այլ պետական հիմնարկում տեղադրված կան այդ նկարներից: Ի դեպ, ազգային պատկերասրահից պարբերաբար մասնագետներ են գալիս, ստուգում են նկարները եւ գնահատում դրանց վիճակը»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: