ՔԱՆԻ ՁԱՅՆ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎԻ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդուն՝ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, հայրենի իշխանությունները վստահել են Երեւանի Աջափնյակ վարչական շրջանը, որպեսզի սահմանադրական հանրաքվեի օրը նա ապահովի այո-ի քվեները: Ըստ մեր տեղեկությունների՝ Ա. Սահակյանն արդեն լծվել է աշխատանքի ու բոլորին հորդորում է այո ասել:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ՝ պարզելու համար, թե վերջինս ինչպես է Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներին համոզելու, որպեսզի դեկտեմբերի 6-ին այո ասեն:
-Պարո՛ն Սահակյան, Դուք ղեկավարում եք Աջափնյակ վարչական շրջանի այո-ի շտաբը, ինչպե՞ս եք իրականացնում քարոզարշավը, արդյո՞ք նշված վարչական շրջանի բնակիչները Ձեզ վստահում են, որպեսզի այո ասեն սահմանադրական փոփոխություններին:
-Եթե Դուք հետեւել եք, ապա տեսած կլինեք, որ Աջափնյակում շուրջ 50 շտաբ է գործում, ու մենք այս ժամանակահատվածում անում ենք այն ամենը, ինչն անհրաժեշտ է, որպեսզի հանրությունը իրազեկվի, թե իրենից ինչ է ներկայացնում սահմանադրական այս փոփոխությունը: Մենք էլ պետք է ապահովվենք այո-ի կողմնակիցների շահերը, ներկայացնենք նրանց, թե ինչու պետք է այո ասեն: Իսկ դա մենք անում ենք քարոզչության միջոցով: Աջափնյակի բնակիչները ծանոթանում են այն ամենին, որն անհրաժեշտ է հանրաքվեից առաջ իմանալ: Մենք զրուցում ենք, հանդիպումներ ենք ունենում նրանց հետ, դա բավարար է, որպեսզի քաղաքացին որոշում կայացնի ու մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
-Իսկ մինչեւ այժմ Ձեր իրականացրած քարոզչության արդյունքում ինչպիսի՞ պատկեր է ձեւավորվել Աջափնյակում, արդյո՞ք աջափնյակցիների մեծ մասը կողմ է այո-ին, թե հակառակը:
-Եթե Դուք ուսումնասիրեք Աջափնյակ համայնքի վերջին ընտրությունները, ապա կտեսնեք, որ մեր ժողովուրդը դրական դիրքորոշում ունի նաեւ այո-ի նկատմամբ: Եթե ուսումնասիրեք, կհասկանաք, որ նրանց դիրքորոշումն արդեն պարզ է: Մենք այս ժամանակահատվածում մեր քարոզչությունն իրականացնում ենք, իսկ հանրաքվեի օրն արդեն ժողովուրդն ինքն է որոշելու, թե ինչպես է քվեարկելու, ինչպես է իր դիրքորոշումը արտահայտելու:
-Շատերի կարծիքով` հայրենի իշխանությունների եւ ՀՀԿ-ի վարկանիշը անկում է ապրել, ու ոչ ոք չի հավատում, որ իշխանություններին կհաջողվի նոր Սահմանադրության միջոցով ինչ-որ փոփոխություններ կատարել երկրում: Մի՞թե այդ ամենը հաշվի առնելով՝ ժողովուրդը նորից կվստահի իշխանություններին ու այո կասի այն նախաձեռնությանը, որն անում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
-Իսկ ով է ասում, որ ժողովուրդը դժգոհ է իշխանություններից, ինչու եք նման բան հայտարարում, թե հանրությունը դժգոհ է ՀՀ իշխանություններից: Դա Ձեր տեսակետն է, իմ շփումներին, ինչքան որ ես շփվել եմ հանրության հետ, զգացել եմ հանրության դրական կարծիքը սահմանադրական բարեփոխումների շուրջ: Գիտեք ինչ՝ Սահմանադրությունն ամենակարող չէ, որ բոլոր հարցերին միանգամից պատասխան տա, սա ժողովրդի սոցիալական վիճակի հետ ոչ մի կապ չունի, նրա հարցերի հետ որեւէ կապ չունի, Սահմանադրության բարեփոխումները վերաբերում են ընդամենը կառավարման նոր մոդելին: Այսինքն՝ Սահմանադրությունը չի լուծելու սոցիալական խնդիրներ, այս փոփոխությունը կառավարման մոդելին է վերաբերում: Իշխանակենտրոն Սահմանադրությունը փոփոխվում է ուղղակի ժողովրդակենտրոն Սահմանադրության:
-Բայց կառավարման մոդելի փոփոխությունը հանրությանը չի հետաքրքրում…
-Դա Ձեր կարծիքն է, թե ժողովրդին նման բաները չեն հետաքրքրում, իհարկե, հետաքրքրում են: Եթե ամեն ինչին նայեիք երկու կողմից, ապա դրանում կհամոզվեիք: Վատաբանելուց բացի նաեւ լավ բանը տեսեք, Դուք դեկտեմբերի 6-ին կհասկանաք, որ ժողովուրդն իսկապես կողմնակից է սահմանադրական փոփոխություններին: Աջափնյակում մշտապես էլ ժողովուրդն արել է իր ցանկությունը, հայտարարվում է, թե գումարներ են բաժանում եւ այլն, բայց ես Ձեզ ասեմ՝ երբեք Աջափնյակում փող չի բաժանվել ոչ մի ընտրության ժամանակ ու չի էլ բաժանվելու: Ես մյուս վարչական շրջանում եւս չեմ լսել, որ ինչ-որ գումար բաժանեն, հանրությունն ինքը դեկտեմբերի 6-ին կգա ու կապացուցի, որ ինքը համաձայն է սահմանադրական փոփոխություններին: Սպասենք, ու ամեն ինչ պարզ ու հասկանալի կլինի՝ Աջափնյակ համայնքի ներկայացուցիչները շատ հետաքրքրված են այդ փոփոխություններով, ես դա կարող եմ համոզված ասել:

 

 

 

 
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԳՐՈՒՄ ԵՆ «ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՐԴԻԿ»

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն արդեն որոշել է, թե երբ է անելու իր ստեղծելիք կուսակցության համագումարը, ու ինչպես է այն անվանվելու: Ըստ մեր տեղեկությունների՝ կուսակցությունը կոչվելու է «Ազգային միասնություն», որի ծրագրի ստեղծման գործին այս օրերին ակտիվորեն լծվել են Անդրանիկ Թեւանյանը, Երվանդ Բոզոյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ այս եռյակը մինչեւ փետրվարյան իրադարձությունները «պաշտում էր» ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, սակայն նրա «գահընկեցությունից» հետո որոշել է նոր «քաղաքական հայր» ընտրել` ի դեմս Արա Աբրահամյանի:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Արա Աբրահամյանը նոյեմբերի 24-ին արդեն հանդիպում է ունեցել վերը նշված անձանց հետ, ովքեր պետք է նախ ծրագիր մշակեն կուսակցության համար, այնուհետեւ կազմակերպեն կուսակցության համագումարն ու հետագա գործունեությունը: Այսպիսով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քարոզչական թիմը «տեղավորվել» է Արա Աբրահամյանի նոր ձեւավորվող թիմում, որի կազմում են նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանն ու Վահե Հովհաննիսյանը: Վերջինս, ինչպես ԲՀԿ-ում էր համարվում ներքին «ասողներից» մեկը, այստեղ եւս լինելու է այդ կարգավիճակում: Մեր տեղեկությունների համաձայն՝ այժմ նշված անձինք շատ հաճախ են միմյանց հետ հանդիպումներ ունենում ու քննարկում իրենց հետագա անելիքները:
Նշվում է, որ Ա. Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանի նախկին թիմակիցներին խոստացել է մեծ գումարներ վճարել: Ու նաեւ դա է պատճառը, որ Գ. Ծառուկյանի «մարդիկ» ճամբարափոխ են եղել: Այնուամենայնիվ, նորաստեղծ թիմի կարկառուն անդամներին կարծես թե նույնքան առատ ֆինանսավորում չի սպասվում, ինչպես Ծառուկյանի մոտ: Մեր տեղեկություններով` Արա Աբրահամյանի ֆինանսական վիճակն այս պահին շատ վատ է, նա վերջին ժամանակահատվածում հանդիպումներ է ունեցել մոսկվաբնակ մի քանի մեծահարուստների հետ ու խնդրել է իրեն ֆինանսապես օգնել: Աբրահամյանը հայտարարել է, որ Հայաստանում կուսակցություն ստեղծելուց ու գործունեություն սկսելուց հետո իր վիճակը բարելավվելու է ու ինքը շատ լավ գումար է աշխատելու: Ռուսաստանի հայերի միության նախագահը հավաստիացրել է, թե ՀՀ քաղաքական դաշտ մտնելուց հետո կկարողանա վերադարձնել իր բոլոր պարտքերը:
Իսկ այս ժամանակահատվածում Արա Աբրահամյանի թիմը զբաղված է կուսակցության տարածքային կառույցների ստեղծման աշխատանքներով, որոնք պետք է արդեն 2016 թվականին պատրաստ լինեն: Այս պահին հիմնական խնդիրը Ա. Աբրահամյանի համար գումարն է, որի պատճառով էլ վերջինս իր աշխատանքների ընթացքը դանդաղեցրել է: Թեեւ իր թիմակիցներին վստահեցրել է, որ նրանք որեւէ ֆինանսական խնդիր չեն ոնենալու: Ի դեպ, նշենք, որ Ա. Աբրահամյանի կուսակցության անունը նման է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցության անվանը, որի մասին ներկայումս քչերն են հիշում:
Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձում էր զրուցել Անդրանիկ Թեւանյանի, Երվանդ Բոզոյանի, Վահե Հովհաննիսյանի ու այն անձանց հետ, ովքեր պետք է ընդգրկվեն Ա. Աբրահամյանի նոր կուսակցության շարքերը, սակայն ապարդյուն, վերջիններս մեր հեռախոսազանգերին չէին պատասխանում:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԿՀԱՆԴԻՊԵՆ
Դիվանագիտական աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի առաջին շաբաթը, ամենայն հավանականությամբ, Փարիզում կկայանա Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը: Սակայն պաշտոնական աղբյուրներն առայժմ լռում են:

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Լեւոն Զուրաբյանը հայտնել է, որ թիվ 9 ընտրատարածքի, որը սպասարկում է Կենտրոն վարչական շրջանը, հանձնաժողովի անդամներից մեկը փորձել է կաշառել կամ այլ ճանապարհով խոչընդոտել ՀԱԿ-ի կողմից նշանակված հանժնաժողովի անդամի գործունեությանը:

 

ՈՎ ԷՐ ՎՏԱՆԳԸ
Նոյեմբերի 25-ին տեղի ունեցած զինված խմբի վնասազերծման շրջանակներում ձերբակալվել է նաեւ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը: Armlur.am-ը փորձեց հասկանալ, թե ով է Ավետիսյանը, եւ ինչ գործունեություն էր ծավալում մինչ այժմ: Նշենք, որ Խաչիկ Ավետիսյանը Լեռնային Ղարաբաղ է մեկնել 1988 թ-ի հոկտեմբերին, վերադարձել 1994 թ-ի օգոստոսին: Այդ ընթացքում 3 անգամ վիրավորվել է Շուշիի, Ասկերանի եւ Աղդամի շրջակա գյուղերի ազատագրման մարտերի ժամանակ: Դրանից հետո մինչ 2009թ. աշխատել է պաշտպանության նախարարությունում: 2004-08թթ. եղել է Վարդենիս-Կարճաղբյուրի գումարտակի հրամանատար: Համացանցում եղած տեղեկությունների համաձայն՝ այդ տարիներին նրա ցուցումով ժամկետային զինծառայողներից հավաքվել են դրամական միջոցներ՝ հիգիենիկ պարագաներ գնելու պատրվակով, իսկ առանձին դեպքերում գումարտակի սպաների աշխատավարձից հավաքվել են գումարներ իբր էլեկտրաէներգիայի ծախսը վճարելու նպատակով: 2008թ. նշանակվելով մեկ այլ զորամասի հրամանատար՝ 2008-2010թթ. ընթացքում Խ. Ավետիսյանի հրահանգով երկու անձ գրանցվել են որպես զորամասի պայմանագրային աշխատողներ, սակայն աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանց անունով հատկացվող աշխատավարձը ստացել է Խ. Ավետիսյանը: Արդյունքում պետական միջոցները յուրացնելու, վատնելու, իշխանությունը չարաշահելու եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի փաստով Լոռու մարզի կայազորի զինվորական դատախազության կողմից 2010թ. հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ պարզվել է, որ Խ. Ավետիսյանի՝ ՊՆ-ին հասցված վնասը կազմում է ավելի քան 10 միլիոն դրամ: Նշված քր.գործով 2012թ. սեպտեմբերին Խ. Ավետիսյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, սակայն հանրապետության նախագահի կողմից հայտարարված համաներմամբ ազատ է արձակվել:




Լրահոս