«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ էթիկայի հանձնաժողովը երեկ հրապարակեց որոշումը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարքագծի վերաբերյալ: Շմայսը խոստացել էր գլխատել եւ բռնաբարել բոլոր նրանց, ովքեր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ նրա ընտանիքի հասցեին անվայել հայտարարություններ կանեին: Պատգամավորի այս սպառնալիքի հարցով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ դիմել էր ԱԺ էթիկայի հանձնաժողով, ապա նաեւ՝ դատարան: Դատարանը Շմայսի հայտարարության մեջ հանցակազմ չգտավ:
Մինչդեռ ԱԺ էթիկայի հանձնաժողովը, այնուամենայնիվ, գտել է, որ ՀՀԿ-ական պատգամավորը խախտել է էթիկայի նորմերն ԱԺ կանոնակարգ-օրենքի շրջանակներում։ Սակայն, հիշեցնենք, այն որեւէ պատասխանատվություն կամ պատժամիջոց չի ենթադրում: Ընդամենը խորհրդարանի լիագումար նիստում այն կընթերցվի։ Սակայն նույնիսկ այս պարագայում Շմայսը չի պատրաստվում խելոքանալ ու պնդեց, որ սրանից հետո էլ իրեն կպահի նույնկերպ։ Երեկ մինչ որոշման հրապարակումը զրուցեցինք Առաքել Մովսիսյանի հետ։
– Պարոն Մովսիսյան, ԱԺ էթիկայի հանձնաժողովը քիչ անց կհրապարակի Ձեր գործով վճիռը, մեր տեղեկություններով՝ Ձեր գործընկերները համարելու են, որ Դուք խախտել եք էթիկայի վարքականոնները: Հանձնաժողովը պատիժ չի սահմանում, բայց Դուք ինչպե՞ս եք արձագանքելու նրա որոշմանը, արդյոք վերանայելո՞ւ եք Ձեր պահվածքը եւ այլեւս նման հայտարարություններ չեք անելու:
– Ես ոչ մի քայլ չունեմ անելու՝ մեկ, երկրորդը՝ վճռաբեկ դատարանի որոշումը նայեք ու որոշում կայացրեք (խոսքը Սաքունցի դիմումի համաձայն քրգործ հարուցելու հետ կապված մերժման մասին է):
– Այսինքն՝ Դուք չե՞ք պատրաստվում վերանայել Ձեր պահվածքը եւ այսուհետ էթիկայի նորմերը պահպանել:
– Սրանից հետո էլ ով խելոք չպահեց, էլի վատ բաների ա արժանանալու, ով ուզում ա լինի: Ով էս պետությունն ուզում ա քանդի, շատ վատ չարիքի ա արժանանալու, ուրիշ բան չունեմ ասելու:
-Բայց, փաստորեն, խորհրդարանական Ձեր գործընկերներն այսօրվա նիստում որոշելու են, որ Դուք խախտում եք թույլ տվել, համաձայն չե՞ք իրենց հետ:
– Մինչեւ էսօր ինձ ոչ մեկ չի ասել՝ խախտել եմ, թե չեմ խախտել, էլի եմ ասում՝ նայեք դատարանի որոշումը ու էդ հունով էլ շարժվեք:
– Դուք այդպես էլ չներկայացաք հանձնաժողովի նիստերին, իսկ ծանոթացե՞լ եք, կարդացե՞լ եք Ձեզ նախօրոք ուղարկված եզրակացությունը:
– Այո, ուղարկել են, բայց ժամանակ չեմ ունեցել ծանոթանամ, ինձ թվում ա՝ ժամանակ չեմ ունենա ծանոթանալու, որովհետեւ չեմ էլ ուզում կարդամ:
– Փաստորեն, թքած ունեք Ձեր գործընկերների կարծիքի վրա:
– Էդ դու էս ըտենց ասում, լսի ուրեմն ինչ եմ ասում, ամեն ինչ պահն ա որոշում:
– Պահի ազդեցության տակ չե՞ք կարողանում Ձեզ տիրապետել:
– Ոչ, ոչ, հիմա էլ ով երկրին, բանակին, ղեկավարությանը, իմ երկրի նախագահին, իմ երկրի դրոշին ով կփորձի ուրիշ աչքով նայել, էլի պատժվելու ա:
Աստված ասում ա՝ եթե քեզ սիլլա են տալիս, մյուսներդ էլ դեմ տուր, բայց մենք արագ պատասխան ենք տալիս, եղա՞վ:
– Փաստորեն, ոչ միայն Ձեր գործընկերների որոշումը չեք կատարելու, այլեւ Աստծո խոսքը:
– Հիմա էլ իրանց լավ չպահեն, պատժվելու են, վերջացավ գնաց»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: