Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը փետրվարի 18-ին հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներ Ռիչարդ Լապպինի եւ Ալեքսեյ Գրոմովի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքը եւ դրա ժամանակ տեղի ունեցած օրինախախտումները, ինչպես նաեւ դրանց արտացոլումը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում:
Զուրաբյանը կարեւորել է ԵԱՀԿ վերջնական զեկույցի մեջ արձանագրված գնահատականները եւ քննադատությունը հանրաքվեի նկատմամբ, որն իրականում չդարձավ ժողովրդի կամարտահայտության միջոց, քանի որ իշխանությունները հայտարարեցին ժողովրդի ընտրությանը հակառակ արդյունք:
Խոսվեց նաեւ ընտրական օրենսգրքի այն փոփոխությունների մասին, որոնք էապես կնեղացնեն ընտրակեղծարարության դաշտը՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններում:
Զուրաբյանը իր գոհունակությունը հայտնեց այն կապակցությամբ, որ ԵԱՀԿ-ի վերջնական զեկույցը ի թիվս ընդդիմության առաջարկած այլ փոփոխությունների ընդունելի է համարել նաեւ ընտրություններից հետո ստորագրված ցուցակների հրապարկման պահանջը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ հետագա համագործակցության մասին:
Փետրվարի 19-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը հանդիպեցին քվեարկության էլեկտրոնային համակարգերի մասնագետ Ռոբերտ Կրիմերին, որը ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպված քվեարկության նոր տեխնոլոգիաների սեմինարին, ներկայացրել է ՏՏ կիրառման հետ կապված հնարավորություններն, առավելությունները եւ ռիսկերն ու հնարավոր խնդիրները:
Զուրաբյանը ներկայացրեց Հայաստանում առկա ընտրական համակարգը, մասնավորապես՝ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի համատեքստում: Քննարկման ընթացքում զրուցակիցները եկան այն եզրակացությանը, որ էլեկտորնային համակարգերի ներդրումը իմաստ ունի այն դեպքում, երբ հասարակության մոտ կա վստահություն իշխանությունների եւ նրանց կազմակերպած ընտրական գործընթացների նկատմամբ: