Թեղուտում բետոնե թունելի փլուզումը վտանգ չի ներկայացնում. ԱԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 26-ին` ժամը 17.43-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռիի մարզի Թեղուտ գյուղում գտնվող “Թեղուտ” ՓԲԸ-ի տարածքում փլուզվել է ջրահեռացման համար նախատեսված բետոնե թունելը: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Լոռիի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղանքն ուսումնասիրվել է եւ պարզվել է, որ 2,5 կմ երկարությամբ ջրահեռացման համակարգի մեջտեղի հատվածից թունելի պատը մոտ 0,5 մ թեքվել է դեպի ներս եւ վտանգ չի ներկայացնում: Ջրի արտահոսք չի նկատվել. թունել մտնող եւ դուրս եկող ջրի քանակը նույնն է:
Ավելի վաղ թունելի փլուզման մասին ահազանգել էին բնապահպանները, նշելով. “Փլվել է Դուքանաձորի հանքի ջրահեռացման համար նախատեսված թունելը, որը հողային շինություն էր եւ գտնվում էր գյուղից զգալի բարձրության վրա, ու հիմա տոննաներով կուտակված ջրախառն հողը լուրջ սողանքի վտանգ է ներկայացնում Թեղուտ գյուղի եւ բնակիչների համար:
Կատարվածի մասին որեւէ պաշտոնական տեղեկություն չկա, որովհետեւ այս ամենը խնամքով թաքցվում է հանրությունից: Խնդրում ենք շտապ տարածել այս հաղորդագրությունը, որպեսզի համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրվի եւ նրանք սկսեն հետաքննություն անցկացնել կատարվածի վերաբերյալ, եւ անհրաժեշտ քայրեր ձեռնարկվեն”:




Լրահոս