ԲՀԿ-ում խմորումները շարունակվում են. Աբրահամ Մանուկյանն ու Նաիրա Զոհրաբյանը զրույց են ունեցել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ում խմորումները շարունակվում են, ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը պատերազմ էր հայտարարել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին, երեկ զրկվել է իր լծակներից։ ԲՀԿ խոսնակի տեղեկացմամբ, Նաիրա Զոհրաբյանի եւ Աբրահամ Մանուկյանի խոսակցությունից հետո որոշում է կայացվել, որ վերջինս չի զբաղվելու ԲՀԿ տարածքային կառույցների համակարգմամբ, այլ զբաղվելու է միայն Շենգավիթի եւ Նորք-Մարաշի ԲՀԿ կառույցներով։ Նախկինում Մանուկյանը համակարգում էր ԲՀԿ 68 տարածքային կառույցներից 44-ը, մյուսները համակարգում էր Վարդան Վարդանյանը։ Սակայն լուրեր կան, որ Մանուկյանը կշարունակի իր միսիան ավարտին հասցնել ու ԲՀԿ-ն դուրս բերել Նաիրա Զոհրաբյանի «տակից», որը, ըստ այդ թեւի, հստակ քաղաքական գիծ չունի եւ կեղծ ընդդիմադիր է խաղում։ Ի դեպ, նախկին մամլո խոսնակ Վահան Բաբայանը նույնպես նման կարծիք էր հայտնել, որ եթե ԲՀԿ-ն քաղաքական գիծ ունենար, ինքը չէր լքի։

Փետրվարյան իրադարձություններից հետո նավն առաջինը լքած, բայց կրկին ետ վերադարձած Արայիկ Աղաբաբյանն ասում է, որ ԲՀԿ-ում խժդժություններ չկան, ու կուսակցությունն էլ չեն լքում։ «Վահան Բաբայանինը լքել չէր, նա ուղղակի դուրս եկավ»,- վրդդովված տոնով մեզ «ուղղեց» ԲՀԿ-ականը։ Նա չգիտի, թե ով եւ ինչու է խժդժություններ հրահրում ԲՀԿ-ում. «Առաջին անգամ եմ նման բան լսում», իսկ ԲՀԿ-ից դուրս գալու պատճառների մասին հորդորում է ճշտել դուրս եկողներից։ Արշակ Մխիթարյանը՝ Բռլյանտի Արշակն էլ «բեխաբար» էր կուսակցությունից։ «Ո՞վ է լքել, մա՞րդ է լքել»,- մեզնից էր ճշտում նա. «Ես ոչնչից տեղյակ չեմ»։ Վահագն Մախսուդյանն էլ կուսակցությունում խմորումներ չի տեսնում. «Եթե Վահան Բաբայանի դուրս գալն է, ապա Վահան Բաբայանը քանի՜ կուսակցություն է փոխել, էստեղ էլ փոխեց, էլի, սովորության համաձայն»։ Թե ինչու էին ԲՀԿ-ում կուսակցափոխին առանցքային դերակատարում վերապահել, Մախսուդյանը չցանկացավ պատասխանել. «Մի ժամանակ մեզ միացավ, հիմա էլ դուրս եկավ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս