Մարտի 14-ին Երեւան ժամանած Վենետիկի հանձնաժողովի փորձագետները Ազգային ժողովում հանդիպումներ են ունեցել ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացում Աժ պատգամավորները Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին են ներկայացրել նոր ԸՕ նախագծի շուրջ իրենց առաջարկներն ու դիտակումները:
«Ժողովուրդ»-ը զրուցել է վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպած մի քանի պատգամավորների հետ:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյան
-Պարո՛ն Փաշինյան, Վենետիկի հանձնաժողովի փորձագետները ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկման շրջանակներում հանդիպում են ունեցել նաեւ Ձեզ հետ: Կոնկրետ ո՞ր խնդրահարույց դրույթների վրա եք Դուք հրավիրել փորձագետների ուշադրությունը, եւ ինչպիսի՞ն է եղել արձագանքը:
-Առաջարկությունների մասին խոսք չի եղել: Մենք Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ մեր մտքերը, կարծիքներն ենք փոխանակել, մեր տեսակետներն ենք ասել այն պրոբլեմների վերաբերյալ, որոնք մեր կարծիքով առկա են եւ որոնք մամուլում, հանրային, քաղաքացիական շրջանակներում քննարկվել են: Մենք այդ բոլոր հարցերը բարձրաձայնել ենք: Իսկ ակնկալիքները մենք մեզնից պետք է ունենանք:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյան
-Պարո՛ն Մարուքյան, ընտրական նոր օրենսգրքի հետ կապված Վենետիկի հանձնաժողովի փորձագետները հանդիպում են ունեցել նաեւ Ձեզ հետ: ԸՕ-ում առկա որոշ դրույթներ մասնավորապես ընտրական ցուցակների հրապարակման արգելքը, լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակումը բուռն քննարկման առարկա են դարձել: Արդյո՞ք հանդիպման ընթացքում այս խնդիրներին անդրադարձ եղել է, եւ, առհասարակ, ո՞ր վիճահարույց կետերն են քննարկվել:
-Ընտրական օրենսգրքի հետ կապված մենք բոլոր հարցերը քննարկել ենք: Մանրամասն հիմնավորել ենք, թե դրանք հայկական քաղաքական իրականության մեջ ինչ խնդիր են իրենցից ներկայացնում: Նրանք լսողի դերում էին, հավաքագրում էին այդ տեղեկատվությունը, որը իրենց եզրակացության մեջ երեւի կներկայացնեն: Այդ խնդիրներին եւս անդրադարձել ենք: Առաջարկել ենք, որ յուրաքանչյուր կուսակցություն երկու վստահված անձ ունենա, դրան գումարած մենք նաեւ քննարկել ենք այն, որ լրագրողների թվի սահմանափակումը անհարկի է, դրա անհրաժեշտությունը չկա: Եւ քանի որ մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ կոնկրետ չեն լինելու, նաեւ չեն լինելու վստահված անձինք, հետեւաբար նման խնդիր չի առաջանալու, որ տեղամասում ավել մարդ լինի: Այսինքն՝ գործող օրենսգրքով ավելի շատ մարդ է լինում, իսկ առաջարկվող տարբերակով նման իրավիճակ չի լինելու, որովհետեւ միայն կուսակցություններն են մասնակցելու: Հետեւաբար գոնե ամեն կուսակցության կարելի է թույլ տալ երկու ներկայացուցիչ ունենալ, իսկ դիտորդների եւ լրագրողների թիվը կարելի է ընդհանրապես չսահմանափակել, նման դրույթն ուղղակի անհիմն է: Ընտրացուցակների հրապարակման հետ կապված եւս ասել ենք մեր դիրքորոշումը, հիմա թող քննարկեն, տեսնենք՝ ինչ կլինի:
-Այս հանդիպումներից ինչպիսի՞ ակնկալիքներ կարող ենք ունենալ:
-Որոշողը նրանք չեն: Որոշողը մենք ենք` ՀՀ իշխանությունները, ընդդիմությունը: Մեր քաղաքական համակարգում է այդ հարցը որոշվում: Վենետիկի հանձնաժողովը փորձագիտական մարմին է, եւ նրա խորհուրդները մենք կարող ենք լսել կամ չլսել: Ակնկալում եմ, որ մեր դիտարկումները հաշվի կառնվեն վերջնական եզրակացության առումով, բայց որ ակնկալեմ, թե դրա արդյունքում ընտրական օրենսգիրքը մեր սրտով կլինի, ճիշտն ասած, ես նման լավատեսություն չունեմ:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյան
-Պարո՛ն Մելքումյան, Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ԸՕ հետ կապված ինչպիսի՞ հարցեր եք բարձրացրել:
-Մենք ունենք հստակ մեր մոտեցումները, որ ցուցակների հրապարակումը պետք է լինի: Եթե լինում է, ապա վստահությունը այստեղ բարձրանում է: Նրանք մատները թանաքոտելու հետ կապված որեւէ պրոբլեմ չտեսան, իսկ ցուցակների հրապարակման հետ կապված վերապահում ունեին: Մենք մեր մտահոգությունները հայտնեցինք նաեւ լրագրողների թվի սահմանափակման վերաբերյալ: Ի՞նչ է նշանակում՝ սահմանափակում ենք լրագրողների քանակը, ի՞նչ պատրվակով: Հստակ պետք է այդ դրույթը հանվի: Պետք է լինի հրապարակային, թափանցիկ, որեւէ սահմանափակում չդրվի նաեւ ընտրատեղամասերի նկարահանման հարցում: Եթե մարդիկ գիտեն, որ մշտական նկարահանման իրավիճակում են գտնվում, զգաստանում են, եւ դա բարձրացնում է վստահությունը: Կարծում եմ, որ միջանկյալ ինչ-որ լուծումներ կմշակվեն:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ