Վարդան Օսկանյանի մոտ հիշողության կորուստ է. ազնիվ կլինի, եթե չփորձի չքմեղանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը նախօրեին հայտարարեց կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին: Այն հանգամանքը, որ Վարդան Օսկանյանի կենսագրության տեր մարդը ոչ միայն չի ամաչում փողոց դուրս գալ, այլ նաեւ ծրագրում է կուսակցություն հիմնել` հույս ունենալով, որ մարդիկ կգտնվեն, որոնք իր ստեղծած կուսակցության օգտին կքվեարկեն, վկայում է, որ նա Հայաստանի ընտրողների մասին, մեղմ ասած, վատ կարծիք ունի:

Վարդան Օսկանյանը Հայաստանի իշխանական համակարգի այն ներկայացուցիչներից է, ում անունն ուղղակիորեն ասոցացվում է Մարտի 1-ի իրադարձությունների հետ: Երեկ լրագրողները Օսկանյանից կրկին անգամ հետաքրքրվել են, թե արդյոք ինքն իրեն պատասխանատու համարում է Մարտի 1-ի դեպքերի համար:

Ի պատասխան՝ նա ասել է. «Մարտի 1-ը, իհարկե, մեր սեւ էջերից մեկն է: Իհարկե, այդ օրվա իշխանությունը միանշանակորեն պատասխանատվություն է կրում դրա համար: Իշխանությունը չպետք է թողներ, որ նման բան տեղի ունենար: Ես այդ իշխանության մասն եմ եղել, եւ հենց մարտի 1-ի օրը, խորհուրդ կտամ թարմացնել ձեր հիշողությունը, կա իմ ելույթը, որ կրակոցներից 3-4 ժամ առաջ է եղել… Ուղղակի օդում զգալով, որ լարված իրավիճակ է, եւ նման զարգացումներ կարող են լինել, փորձել եմ կանխել: Ես շահեկանորեն տարբերվում եմ մյուս քաղաքական գործիչներից, որ այդ պատասխանատվությունը վերցրել եմ: Համարձակություն եմ ունեցել կանգնել կամերայի առաջ, կոչ անել ե՛ւ հանրապետության նախագահին, ե՛ւ ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք մարտի 1-ից»,- չքմեղացել է Օսկանյանը:

Սակայն իրականությունն այն է, որ 2008-ի Մարտի 1-ին երեկոյան, Օսկանյանը ստանձնել էր իշխանությունների հանցավոր գործողությունները քողարկելու, միջազգային կառույցներից իրականությունը թաքցնելու, ինչպես նաեւ Հայաստանի հանրությանը սպառնալու դերակատարությունը:

Այսպես՝ 2008-ի մարտի 1-ին, ժամը 19-ին նախագահական նստավայրում կազմակերպվել էր Օսկանյանի ասուլիսը, որը տեղի ունեցավ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցների ծեծուջարդից հետո: Հիշեցնենք, որ մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 6.25-ին, ոստիկանությունը մթության քողի տակ հարձակվել էր խաղաղ ցուցարարների վրա եւ նրանց ծեծելով՝ հեռացրել հրապարակից: Վաղուց ապացուցված փաստ է, որ ՀՀ օրենսդրությունը ոստիկանությանը նման գործողություններ իրականացնելու իրավունք չէր տալիս, այսինքն՝ այդ «օպերացիան» ամբողջությամբ եղել է անօրինական: Մարտի 1-ի առավոտյան հարձակման արդյունքում 40-ից ավել ցուցարարներ վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Վարդան Օսկանյանը նշված ասուլիսում առավոտյան ծեծուջարդը ներկայացրել է հետեւյալ կերպ. «Վնասվածքների չափը եւ նրանց վնասվածքների տեսակը վկայություն է, որ մարդկանց նկատմամբ, ովքեր այնտեղ եղել են, արտառոց ուժ չի կիրառվել: Բայց իսկապես եղել է մեծ դիմադրություն: Այս պահին ցույցեր են գնում Ֆրանսիայի դեսպանատան առաջ»: Ապագա զարգացումների վերաբերյալ Օսկանյանն այդ նույն ասուլիսում ասել է. «Եթե այս գործարքները ապօրինի շարունակվեն, ապա նախագահը ստիպված կլինի, արդեն բոլոր հրամանագրերը պատրաստ են, հայտարարելու արտակարգ դրություն: Նախագահը կցանկանար, որ ամեն ինչ շատ արագ հանդարտվեր: Հիմա ընտրությունը հետեւյալի մեջ է, ավելի մեծ իմիջին վնաս հասցնել` թողնելով, որ այդ մարդիկ անկարգություններ անեն, թե օրենքի շրջանակներում ինչ-որ քայլեր անել եւ դրանով սահմանափակել այն վնասը, որը պետք է հասցվեր Հայաստանի իմիջին: Փողոց դուրս եկած մարդիկ անկարգություններ են իրականացնում եւ ունեն ըմբոստության դրսեւորումներ»,-հայտարարում էր Օսկանյանը` այդ պահին, թերեւս, չմտածելով, թե ինչպիսի անդառնալի վնաս է հասցնում սեփական իմիջին:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ այն պահից, երբ ոստիկանությունը Մյասնիկյան արձանի մոտից իր ուժերը հեռացրեց, այսինքն՝ ժամը 15.30-ից մինչեւ ժամը 21.00-ն, ցուցարարների վերահսկողության տակ գտնվող տարածքում ոչ մի անօրինական բան տեղի չի ունեցել եւ ոչ մի գույք չի վնասվել: Այսինքն՝ եթե ժամը 21.00-ին ոստիկանական եւ զինված ուժերը ցուցարարների վրա չգրոհեին, ապա բախումներ չէին լինի, եթե ուժայինները չսկսեին կրակել, ապա զոհեր չէին լինի: Բայց նույն Օսկանյանը դեպքերից երկու ժամ առաջ արդեն հրապարակել էր ցուցարարների «դատավճիռը»` նրանց մեղադրելով անկարգություններ իրականացնելու եւ ըմբոստության դրսեւորումների մեջ:

Հաշվի առնելով, որ Օսկանյանի մոտ հիշողության լուրջ կորուստ է, նրան եւս մեկ փաստ հիշեցնենք. Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի հիմքը, որը հեռուստաեթերից ներկայացրեց անձամբ ստորագրողը` մարտի 1-ին՝ ժամը 22.15-ին, իբր խանութների թալանն էր: Սակայն խանութների վրա առաջին հարձակումները սկսվել են 22.30-ին, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի «հրահանգից» հետո:

Այնպես որ, Օսկանյանի դեպքում ավելի ազնիվ կլինի, եթե նա չփորձի չքմեղանալ եւ խոստովանի, որ երբ Մարտի 1-ի սպանդը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ ծրագրել եւ իրականացրել են, ինքը հույս է ունեցել, որ դրա շնորհիվ իշխանությունից մաս կունենա, բայց հետագայում այդպես էլ իր ակնկալածը չի ստացել ու որոշել է դառնալ «ընդդիմադիր»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս