ՊՌՈՇՅԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ԵՆ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Պռոշյանի գյուղապետարանի միանգամից տասներեք աշխատակիցներ հրաժարականի  դիմումներ են  ներկայացրել ՀՀԿ-ական գյուղապետ Արթուր Մուրադյանին՝ ի նշան բողոքի: Ողջ գյուղը համախմբվել ու միաձայն պահանջում է բացահայտել իրենց նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը: Պռոշյանցիները վճռական են տրամադրված եւ խոստանում են պայքարել մինչեւ վերջ:
Գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Լուսինե Պետոյանը երեկ հայտարարեց.  «Մոտ չորս ամիս անցել է մեր գյուղապետի սպանությունից, եւ դեռ գործի բացահայտման ուղղությամբ ոչ մի ակներեւ աշխատանքներ չենք նկատում: Այս քայլով փորձում ենք առաջին ակցիան անել եւ պահանջատեր լինել գործի բացահայտմանը»:
Նորընտիր գյուղապետ, ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը, անդրադառնալով համայնքապետարանի աշխատակազմի անդամների հրաժարականներին, «Ժողովուրդ»-ին ասաց. «Թող մնան, աշխատեն, իրենց ո՞վ է խանգարում: Իրե՛նց հարցրեք՝ ինչու են նման բան անում, ինձ չեն էլ ասել: Ցանկություն ունեն, թող աշխատեն, չեմ պատրաստվում իրենց հեռացնել աշխատանքից, իսկ եթե իրենց կամքով հեռանում են, բնականաբար գյուղում շատ կրթված երիտասարդներ կան, կգան, կաշխատեն»:
Իսկ հարցին, թե ինչու է աշխատանքից արդեն երեք հոգու ազատել, այդ թվում նաեւ գյուղապետի տեղակալ, գյուղապետի նախկին թեկնածու Վովա Սահակյանին,  պատասխանեց. «Վովա Սահակյանն իր դիմումի համաձայն է ազատվել: Իրեն հրավիրել ենք գործի, հրաժարվել է գալ: Լուսինե Պետրոսյանը՝ կոմունալ բաժնի պետը, բացակայության համար է ազատվել, երբ ուզում է` գնում է աշխատանքից, երբ ուզում է` գալիս է: Արդեն չորս-հինգ օր է՝ չի էլ եկել գործի: Իմ պաշտոնավարման երկրորդ օրը հրավիրել եմ աշխատակազմին՝ զրուցելու, անելիքները քննարկելու, բայց ոչ ոք չի ներկայացել: Չեն էլ պատճառաբանել, ուղղակի չեն ներկայացել»:
«Ժողովուրդ»-ը Պռոշյանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ զրուցեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ, որը, կարծես բանից անտեղյակ, ասաց. «5 հոգին համարում եք, որ պռոշյանցիները ոտքի՞ են կանգնել, թող 10-15 հոգի լինեն, իսկ այնտեղ 7 հազար մարդ է ապրում: Է՛, եթե դժգոհում են, թող չաշխատեն, մենք ի՞նչ պետք է անենք: Թող Մուրադյանի գործն էլ բացահայտվի, մենք ի՞նչ ենք ասել, ինչի՞, համայնքի ղեկավարը դե՞մ է, որ բացահայտվի: Ամեն մարդ իր կամարտահայտությամբ է աշխատում, իրենք են որոշում` աշխատել, թե ոչ: Հիմա որոշել են չաշխատել, Աստված իրենց հետ: Ի՞նչ եք ուզում, թողե՛ք թող մարդիկ աշխատեն»:
Այն, որ Շահգալդյանի համար հինգ-տասը մարդու կարծիքը ոչինչ չարժե, նորություն չէ: Չէ՞ որ նրա հարազատ կուսակցությունում` ՀՀԿ-ում, սովոր են մարդկանց հաշվել գլխաքանակով` ըստ հատկացվելիք հինգհազարական դրամ ընտրակաշառքի: Բայց Պռոշյանում Շահգալդյանի կարգած գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարի հանդեպ դրսեւորված վերաբերմունքը պետք է որ դաս եղած լիներ նրա համար` հասկանալու, որ իր համայնքի եւ արդարության համար պայքարող անգամ մեկ հոգու կամքը կարող է որոշիչ դառնալ այնպիսի պաշտոնյաների համար, ինչպիսին ինքն է:
Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետի ընտրությունները տեղի էին ունեցել հուլիսի 14-ին: Գյուղապետի պաշտոնի համար պայքարում էին անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, անկուսակցական Ցոլակ Գրիգորյանը, Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ Գալուստ Մկրտչյանը, գյուղապետի տեղակալ, ՀՅԴ-ական Վովա Սահակյանը եւ ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս