Արդեն երեք ամիս է, ինչ Հայաստանի կենսաթոշակառուները ժամանակին չեն ստանում իրենց հասանելիք գումարը: Անվերջ ինչ-որ ցուցակային անճշտությունների խնդիրներ են առաջանում, մարդիկ բացահայտում են, որ իրենք չկան ցուցակներում եւ ձեռնունայն տուն են գնում: Մարդկանց այս մտահոգության մասին «Ժողովուրդ» օրաթերթն ուրբաթ՝ օգոստոսի 2-ին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղեց. ե՞րբ է կարգավորվելու թոշակառուների ցուցակների հարցը: ՀՀ կառավարության ներկայացուցիչը ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց. «Օգոստոսին թոշակների վճարման հարցում խնդիրներ չեն առաջանա: Նախորդ ամիսներին ծագած խնդիրները, երբ մի քանի հարյուր թոշակառուներ դուրս էին մնացել տեղեկատվական ցանկերից, չեն կրկնվի, քանի որ տեղեկատվական բազաների ճշտումն ավարտվել է»: Եվ ի՞նչ: Կրկին թոշակառուները կանգնեցին փաստի առաջ: Երեկ «Հայփոստ» ՓԲԸ-ի երեւանյան մի քանի բաժանմունքներում լարված իրավիճակ էր: Մարդիկ բղավում էին, պահանջում իրենց հասանելիք գումարը, սակայն անօգուտ. ցուցակները չկային: ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամլո քարտուղար Արամայիս Շահբեկյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյոք սեպտեմբերին էլ նույն իրավիճակը կլինի: «Վստահ չեմ կարող ասել, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ: Կարծում եմ` չի լինի»,-նշեց խոսնակը՝ հակասելով իր «ամենաբարձր» ղեկավարին՝ նախարարին: Թե նրանցից ով է ստում, թերեւս բացատրության կարիք չկա: Պարզապես այսօր արդեն անհանգստություն է նկատվում ՀՀ քաղաքացիների մոտ: Եթե 2014-ից գործի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ՀՀ քաղաքացին ումի՞ց պետք է պահանջի իր վճարած առավել մեծ գումարները:
ԵՐԲ ԻՇԽՈՒՄ Է ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ