Արդեն երրորդ օրն է, ինչ ազատամարտիկները Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում անժամկետ նստացույց են անում: Իսկ Երեւանի Ազատության հրապարակում այն շուրջ երկու ամիս է՝ շարունակվում է: Օրերս էլ ազատամարտիկները նստացույց էին անցկացրել Գյումրու Թատերական հրապարակում:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել էր որպես մարտական գործողությունների ժամանակահատված սահմանել 1989-1994 թվականները` ներկայումս գործող 1990-1994 թվականների փոխարեն, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ներկայումս գործող ընթացակարգը փոփոխել եւ ՀՀ ՊՆ-ում, Ազգային անվտանգության ծառայությունում ու ոստիկանությունում գործող համապատասխան գերատեսչական հանձնաժողովների փոխարեն ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով: Իսկ վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը չի գոհացնում ազատամարտիկներին:
Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խոսքով` Վարդենիսում նստացույց անող ազատամարտիկները մոտ հարյուր հոգի են: «Մենք այսօր (երեկ-խմբ.) վերադառնալու ենք Երեւան եւ միանալու ենք Ազատության հրապարակում նստացույց անցկացնող ազատամարտիկներին: Իսկ մինչ վերադառնալը պետք է այցելենք Վարդենիսի տարածաշրջանի մի քանի գյուղեր եւ հանդիպենք այնտեղ բնակվող ազատամարտիկների հետ: Նրանք հնարավորություն չունեն գնալ Վարդենիս: Այս հանդիպումից հետո կվերադառնանք Երեւան, ինչից հետո կծրագրենք մեր հետագա անելիքները: Ի դեպ, մենք մշտապես կապի մեջ ենք նաեւ Գյումրու ազատամարտիկների հետ»,-«Ժողովուրդ»-ին փոխանցեց Վ. Ավետիսյանը:
Պահեստազորի գնդապետից տեղեկացանք նաեւ, որ Վարդենիսում իրենց է հանդիպել քաղաքապետի տեղակալ Աշոտ Դավթյանը. «Ասաց՝ անհրաժեշտության դեպքում անպայման դիմենք իրեն»:
Նա նաեւ ավելացրեց, որ երկու օր հանգստանալուց հետո կուղեւորվեն Սյունիքի մարզի Սիսիան քաղաք: Իսկ առաջիկայում նախատեսում են նստացույցեր անել նաեւ Գորիսում, Մեղրիում, Արցախում եւ այլուր:
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ՝ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ