Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՎԻՃԵԼ ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱԿՈԲԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Կիլիկիա» գարեջրի գործարանն այլեւս չի գործում: Այս եւ մի քանի այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Կիլիկիա»-ի սեփականատեր Հակոբ Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, տեղեկություններ կան, որ Ձեզ պատկանող «Կիլիկիա» գարեջրի գործարանը փակ է, եւ Դուք ֆինանսական ճգնաժամի մեջ եք:
-Այդ ո՞վ է ասել, որ փակվել է, ես այժմ նստած եմ գործարանում ու աշխատում եմ: Չէ՛, իհարկե չի փակվել:
-Բայց արդեն որքան ժամանակ է՝ «Կիլիկիա» գարեջուր չկա շուկայում, ու նշվում է, որ պատճառը հենց գործարանի փակումն է:
-Ես, ճիշտն ասած, չգիտեմ, քանի որ շուկան չեմ ուսումնասիրել, բայց մենք աշխատում ենք, ով գալիս է, վճարում է, տանում է:
-Նշվում է նաեւ, որ Դուք խնդիրներ ունեք ՊԵԿ-ի հետ ու վերջերս էլ վիճաբանություն եք ունեցել…
-Մարդ չենք սպանել, չէ՞… ճիշտն ասած, ես ոչ մեկի հետ չեմ վիճաբանել, ես բոլորի հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ այս երկրում՝ նկատի ունեմ իշխանությունների եւ ընդդիմադիրների, այնպես որ, նման բան… Մի քիչ քիչ է շուկայում, բայց եթե ինչ-որ մեկը ցանկանում է գալ, գնել, կարող են գալ, գումարը վճարել ու տանել, խնդիր չկա: Մենք անսահմանափակ կարող ենք արտադրել:
-Ասացիք, որ արտադրությունը քիչ է, այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ քիչ եք արտադրում, այն էլ գարեջրի լայն սպառման այս սեզոնին:
-Մենք արտադրում ենք… չէ՛, նման խնդիր չկա, այս պահին, օրինակ, արտահանման մեքենայի համար ենք աշխատում, այսինքն՝ աշխատում ենք: Բայց դե բոլոր տեղերում էլ խնդիրներ կան, բայց այդպես Ձեր նշած վեճը բնականաբար չի եղել եւ չի կարող լինել, քանի որ ես զիջող մարդ չեմ: Որեւէ խնդիր չկա, անգամ մենք մեր հարկերը ճիշտ ժամանակին վճարել ենք ու շարունակում ենք վճարել:
-Տեղեկություններ կան նաեւ, որ Դուք այնքան եք հիասթափվել երկրից, որ որոշել եք Ձեր  բոլոր բիզնեսները վաճառել ու երկրից հեռանալ:
-Բայց գնորդ կա՞ (ծիծաղում է-Ս. Գ.), ուրեմն ես մի բան ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունն իմ երկիրն է, իմ պապերի ու թոռների երկիրն է: Անկախ նրանից՝ խնդիրներ կլինեն կամ չեն լինի, ես՝ Հակոբ Հակոբյանս, մնալու եմ այստեղ եւ քանի առողջ եմ, պետք է աշխատեմ հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի, հանուն իմ ընտանիքի: Ինձ որեւէ մեկը չի կարող ասել՝ դու վաճառի՛ կամ մի՛ վաճառի, ես նման մտադրություն…. մտքովս անգամ չի անցել վաճառել, քանի որ այս գործարանը ես իմ ձեռքերով եմ ստեղծել, հեշտ չէ 40 տարի աշխատել մի տեղ, 40 տարի շփվել կոլեկտիվի հետ եւ թողնել գնալ:
-Դուք ԱԺ պատգամավոր եք, եւ պատգամավորը, ըստ Սահմանադրության, իրավունք չունի բիզնեսով զբաղվել: Մտավախություն չունե՞ք, որ էթիկայի հանձնաժողովը կարող է ուսումնասիրել ու պարզել, որ Դուք օրենք եք խախտում՝ այս պահին գործարանում նստելով:
-Ես բիզնեսով չեմ զբաղվում, ես ընդամենը խորհուրդներ եմ տալիս իմ ընտանիքի անդամներին: Ես ԱԺ պատգամավոր եմ, աշխատավարձ ստանում եմ ԱԺ-ից:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս