ՀԱՐՑ. Զինծառայությունից ազատվել եմ թեկնածուականս պաշտպանելուց հետո, սակայն այդպես էլ չեմ վերցրել զինգրքույկս: Արդեն 32 տարեկան եմ եւ չունեմ զինգրքույկ: Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի կարողանամ ստանալ այն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Սամվել Մուրադյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի պահանջների համաձայն` պահեստազորում հաշվառվում են նշված օրենքով սահմանված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք: Ազատման հիմք ձեռք բերած եւ պահեստազորում հաշվառված անձին տրվում է զինվորական գրքույկ, որի համար դիմումատուն պետք է դիմի իր հաշվառման վայրի տարածքային զինկոմիսարիատ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, եթե մեզ դիմած քաղաքացին ինչ-ինչ հանգամանքների բերումով ժամանակին չի կարողացել վերցնել իր զինգրքույկը, ապա նա այժմ առանց որեւէ քաշքշուկի կարող է դիմել իրենց տարածքային զինկոմիսարիատ եւ ստանալ այն: