Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի և նոր աղբավայրի կառուցման ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և «ՋիԷմՍիԷս Պրահա» խորհրդատու կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:
Ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ Վահե Նիկոյանը նշել է, որ քաղաքապետարանի համար առաջնայինը համապատասխան մրցութային փաթեթների պատրաստումն ու հստակ ժամանակացույցի սահմանումն է, ըստ որի նոր աղբավայրի հիմնման գործընթացը կմտնի գործնական փուլ: Միևնույն ժամանակ քաղաքապետի տեղակալը հատկանշել է, որ աշխատանքների ընթացքում Երևանի քաղաքապետարանը պատրաստ է հնարավորին աջակցել ընկերությանը:
Խորհրդատու կազմակերպության ղեկավար Ջեյն Սիսոևան վստահեցրել է, որ իրենց կողմից արվելու է հնարավորը, որպեսզի Երևանն առաջիկայում ունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր աղբավայր, որը կլուծի մայրաքաղաքի համար մի շարք կարևորագույն խնդիրներ:
Անդրադառնալով նոր աղբավայրի կոնցեպտուալ նախագծին ու հին աղբավայրի ճակատագրին՝ փորձագետները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու դիտարկումները և հնարավոր լուծումները: Հանդիպման ընթացում քննարկվել են նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրությանն առնչվող հարցեր:
Քաղաքապետի տեղակալը մեկ անգամ ևս շեշտել է, որ ծրագիրը սպասված է մայրաքաղաքի բնակիչների համար, որից ելնելով էլ օր առաջ պետք է մեկնարկել աշխատանքները, որպեսզի արդյունքները տեսանելի լինեն:
Հիշեցնենք, որ վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրի հարակից տարածքում կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր աղբավայր: