ԿՏԱՎՆԵՐԻ ԿՈՂՈՊՈՒՏՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ վիճակագրական տվյալների՝ արվեստի գործերի կողոպուտի դեպքերի ընդամենը 10 տոկոսն է բացահայտվում, իսկ Հայաստանում բացահայտման ցուցանիշը շատ ավելի քիչ է: Դրանում համոզվեցինք՝ զրուցելով գրող, քրեագետ Սերգեյ Գալոյանի հետ։
1995 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահի հայկական արվեստի բաժնի ցուցանմուշները վերականգնելիս բացահայտվել է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի «Հրաձգարան» փոքրիկ կտավի կորուստը: Հետո հայտնաբերվել է Վահան Գայֆեջյանի «Կարելիս», Հակոբ Կոջոյանի «Գեղարդ. Քարայրներ» եւ Հակոբ Հակոբյանի «Սխտորներ» գործերի բացակայությունը: Որոնումները ոչ մի արդյունք չեն տվել:
Այն ժամանակ պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանը Սերգեյ Գալոյանին պատմել է, որ մոտ երեք տարի առաջ ԱՄՆ-ում հրատարակվող «Մուսա» հանդեսում հանկարծ տեսել է «Հրաձգարանի» վերատպությունը` «Գալստյանի հավաքածու» ծանոթագրությամբ: ԱՄՆ-ում նա դիմել է հանդեսի խմբագիր, նախկին երեւանցի Ն. Պետրոսյանին, որը խոստացել է գտնել գողացված նկարը, իմանալ, թե սեփականատերն ինչքանով է դա գնել, ապա նկարն անձամբ բերել Երեւան: Շ. Խաչատրյանն ապարդյուն սպասել է որոշ ժամանակ եւ ի վերջո դիմել իրավապահ մարմիններին` հայտնելով բոլոր տվյալները: Բայց դա եւս ոչնչի չի հանգեցրել: Ինչպես նշեց պարոն Գալոյանը, ընդհանրապես Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի գործերի գողությունն  առանձին խոսակցության թեմա է։
2009թ. մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Հայաստանի ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղում անհայտ անձինք, ջարդելով պատկերասրահի առաջին հարկի ապակին, ներս էին մտել ու գողացել ճանաչված նկարիչներ Հմայակ Հակոբյանի, Սուրեն Սաֆարյանի, Մարտիրոս Սարյանի, Փանոս Թերլեմեզյանի, Ստեփան Աղաջանյանի, Հովհաննես Այվազովսկու, Սեդրակ Առաքելյանի, Մարիամ Ասլամազյանի, Գեւորգ Բաշինջաղյանի, Խաչատուր Եսայանի` ընդհանուր թվով 18 գեղանկար աշխատանքներ: Այդ բոլոր նկարներից միայն մեկը բնօրինակ չէր` Հովհ. Այվազովսկու «Նավաբեկությունը»: Հաջորդ օրը գողության առթիվ Կոտայքի քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, բայց առ այսօր այն չի բացահայտվել:
Ինչպես նշեց մեր զրուցակիցը, տարիներ առաջ մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը Հրազդանի կողմերից է, շատ մեծ հավաքածու ունի, ու չի բացառվում, որ նա հետաքրքրություն ցուցաբերած լինի այդ նկարների նկատմամբ։ Այդ հրապարակումն էլ մնաց, այսպես ասած, օդում կախված։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս