ՀԱՅՐԻԿՅԱՆՆ ԷՊՈՍԱԳԵՏԻՑ ԱՎԵԼԻ՞Ն ԿՊԱՀԱՆՋԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում մահափորձի ենթարկված նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ դեպքից հետո մինչ օրս չի կարողանում գրել: Իսկ իր մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող նախագահի մեկ այլ նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանից նա մտադիր է որպես փոխհատուցում ավելի մեծ գումար պահանջել:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ի ուշ երեկոյան, ըստ պաշտոնական վարկածի, մահափորձ էր իրականացվել Պ. Հայրիկյանի դեմ: Մահափորձն իրականացնելու համար ձերբակալվել էին Սամվել Հարությունյանը, Խաչատուր Պողոսյանը, իսկ որպես պատվիրատու` Վարդան Սեդրակյանը: Դատաքննության ընթացքի եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց  Պ. Հայրիկյանի հետ:
-Պարո՛ն Հայրիկյան, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ձեր նկատմամբ մահափորձի գործով մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդել է Վ. Սեդրակյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման, Ս. Հարությունյանին՝ 13 տարվա, Խ. Պողոսյանին՝ 14 տարվա: Դուք ինչպե՞ս եք վերաբերում այդ միջնորդությանը:
-Այդ միջնորդությունն անտրամաբանական էր: Ավելին ասեմ, ես պատրաստվում եմ դիմել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին մի հարցադրումով, թե որքանով է ճիշտ պատվիրատուին (այդքան) ավելի մեղմ մոտենալ, քան կատարողին, որովհետեւ իմ տրամաբանությամբ կատարողներն ավելի փոքր պատժի պետք է արժանանային, քան նրանց հրամաններ տվողները: Ես դժգոհում եմ նաեւ այն բանից, որ նվազագույն պատժամիջոց է առաջարկվում մարդկանց, ովքեր ամեն կերպ խոչընդոտել են քննությունը, քանի որ եթե նրանք անմեղ էին, պետք է ազատ արձակվեին, եւ իսկ եթե մեղավոր էին, նրանց այդ պահվածքով նվազագույն պահանջել էր կարելի: Նվազագույն պատժամիջոց են առաջարկում այն մարդկանց, որոնք զղջում են եւ օգնում քննությանը:
-Դատախազությունը՝ որպես վերահսկող մարմին, հետեւել է քննության ընթացքին, եւ եթե որեւէ տարօրինակ բան նկատեր, միգուցե արձագանքեր, սակայն նման բան չի եղել, եւ արդյունքում Դուք եք պատրաստվում դիմել դատախազին: Ի՞նչ սպասելիք ունեք:
-Առանձնապես ակնկալիքներ չունեմ, քանի որ նրանցից ոչինչ կախված չէ: Դատախազությունն իր անելիքն արեց, բայց իմ քաղաքացիական պարտքն  էր ուշադրություն հրավիրել այս ամենի վրա:
-Այս ամենից եզրակացնել կարելի է, որ Դուք բավարարված չեք, եւ, առավել եւս, գործը լիովին բացահայտված չէ:
-Բոլորը գիտեն, որ դա այդպես է: Ոչ միայն մենք ենք այս ամենով հետաքրքրված, այլեւ շատերը, հետաքրքրված լինելով, եկել են այն եզրակացության, որ գումարը եկել է Ռուսաստանից: Գումար փոխանցողներն արդեն հեռացել են Հայաստանից, եւ ես կարծում եմ՝ Հայաստանի ճակատագրով մտահոգված մարդիկ, հաստատություններն այս առումով քայլեր կձեռնարկեն:
-Այնուամենայնիվ, բոլորի համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու պետք է հենց Վ. Սեդրակյանը Ձեր դեմ մահափորձ պատվիրեր: Տարօրինա՞կ չէ այդ փաստը:
-Այո՛, շատ ճիշտ ասացիք՝ բոլորի համար, քանի որ բոլորի համար պետք է հասկանալի լինի, որ Սեդրակյանը չէր պատվիրատուն, Սեդրակյանը պարզապես միջնորդ էր: Բոլորը դա պետք է հասկանան, դրամ ստացող եւ սպանություն պատվիրողը միջնորդ պատվիրատու է:
-Ձեր ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը դատարանից պահանջել է Ձեր առողջությանը վնաս պատճառելու համար վճարել 43 միլիոն 424 հազար դրամ (մոտ 106 հազար ԱՄՆ դոլար) փոխհատուցում: Շատերի մոտ այսքանից հետո կարծիք է ստեղծվել, որ Ձեզ այս պատմության մեջ փողն է հետաքրքրում:
-Ամեն ազգ ունի իր տկարամիտները: Սրիկա է նա, որ ասում է, թե ինձ փողն է հետաքրքրել: Ես իմ ամբողջ կյանքով հակառակն եմ ապացուցել: Քանի՞ հոգի ունենք ազգի համար քսան տարի կամավոր բռնադատված: Իմ փաստաբանը ցածր գումար է առաջարկել. նա ուզել է միայն իմ բուժման գումարը, որը երկու տարուց ավելի է տեւելու, իսկ իմ առողջականի մասին դեռ չեմ խոսում, քանի որ անգամ դեռ չեմ կարողանում գրել: Եթե այս դեպքը կատարված լիներ Ամերիկայում կամ Եվրոպայում, ապա մինչեւ վերջ փոխհատուցում կվերցնեին: Այդ 42 միլիոնը «Վիվառո»-ում միլիարդ խաղացած մարդու համար մանրուք է:
-Իսկ եթե մինչեւ վերջ փոխհատուցում պահանջեիք, այն ինչքա՞ն կարժենար:
-Դատաքննությունը դեռ չի ավարտվել: Ես մտածելու եւ փաստաբանիս հետ խոսելու ժամանակ ունեմ:
-Շատերի կարծիքով՝ այս պատմությունն ընդամենը հետաքրքիր շոու էր: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Լա՛վ էլի, գժերի մասին հո չե՞նք խոսելու: Սխալ կլինի ասել՝ շատերի համար: Մի քանի գժեր կարելի է ասել, մեր ազգի մեջ փչացածներն այդքան շատ չեն:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս