Ապրիլի 5-ին ձեռք բերված կրակի դադարեցման մասին համաձայնությունից հետո թեեւ լայնամասշտաբ մարտական գործողությունները չվերսկվեցին, սակայն սահմանային լարվածությունը, այնուհանդերձ, շարունակվում է: Ստեղծված իրավիճակում ինչպիսի ելքեր կարող են լինել: Այս մասին «Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ԼՂՀ նախկին նախագահ, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արկադի Ղուկասյանի հետ:
-Պարո՛ն Ղուկասյան, հրադադարի կնքումից ի վեր Հայաստանը պաշտպանվողական մարտավարութամբ է առաջնորդվում, ինչի արդյունքում ունեցանք ոչ միայն ապրիլի քառօրյա պատերազմը, այլեւ մինչ այդ եւ դրանից հետո էլ բազմաթիվ զոհեր: Ըստ Ձեզ՝ մինչեւ ե՞րբ պետք է մենք պաշտպանվենք:
-Պետք չէ շփոթել պաշտպանվողին զոհի հետ: Ապրիլյան պատերազմի ընթացքում Բաքուն կրկին անգամ համոզվեց, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ավելին՝ Ադրբեջանը ստիպված էր խաղաղություն խնդրել:
-Վերջին շրջանում կրկին ակտիվացել են տարածքային զիջումների մասին խոսակցությունները: Ո՞ր տարածքների մասին է խոսքը, ո՞րն է մեր զիջումների շեմը:
-Քանի դեռ Ադրբեջանը պատրաստ չէ քննարկել Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը, խոսել տարածքների մասին, անիմաստ է:
-Ըստ Ձեզ՝ այսօր վարվող բանակցությունները առաջիկայում որեւէ առարկայական արդյունք կտա՞ն:
-Առարկայական արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է վերսկսել բանակցային գործընթացն իր լիարժեք եռակողմ ձեւաչափով: Իսկ մինչ այդ անհրաժեշտ է կայունացնել իրավիճակը շփման գծում:
-Պարո՛ն Ղուկասյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները նշում են, որ հետաքննության մեխանիզմներ պիտի ներդրվեն, ըստ որի՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին խախտումները արձանագրող սարքեր պիտի տեղադրվեն: Դուք տեղյա՞կ եք, թե ովքե՞ր պետք է տեղադրեն, սահմանի ո՞ր հատվածում եւ ե՞րբ:
-Դրանք տեխնիկական հարցեր են, որոնք համապատասխան քաղաքական որոշման դեպքում միջնորդներն ու կողմերը կարող են լուծել աշխատանքային կարգով:
-Օրեր առաջ Թուրքիայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Հայաստանի դեմ: «Հայաստանը պետք է իրականացնի ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձեւերը կամ պատժամիջոցների ենթարկվի»,- ասել է նա:
-Ինձ թվում է՝ Իլհամ Ալիեւը թերըմբռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի իմաստը: Դա ինձ չի զարմացնում: Զարմացնում է այն, որ Ադրբեջանում չկա մի փորձագետ, որ բացատրի Ալիեւին այդ բանաձեւերի էությունը:
– Պարո՛ն Ղուկասյան, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը օրեր առաջ վերադարձել է Հայաստան եւ արդեն հայտնել Արցախ այցելելու իր մտադրության մասին: Ըստ Ձեզ՝ նա ինչո՞ւ է եկել, Դուք հանդիպե՞լ եք նրան:
-Ո՛չ, չեմ հանդիպել:
-Սամվել Բաբայանի վերադարձը ի՞նչ կարող է փոխել Ձեր առաջիկա ծրագրերում:
-Ոչինչ:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ