ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԷՄՄԻՅԱՆԻ ԱՆԳԵՐԱԶԱՆՑԵԼԻ ՌԵԿՈՐԴԸ
Գյումրեցի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի սահմանած Եվրոպայի ռեկորդը՝ 8 մ 86 սմ, արդեն 26 տարի մնում է անգերազանցելի։ Հիշեցնենք, որ հայ մարզիկը Գյումրու մանկավարժական եւ Երեւանի տնտեսագիտական համալսարանների շրջանավարտ է, ԽՍՀՄ, Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի առաջնության փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։ 2010թ.-ից Ռ. Էմմիյանը Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է ու լուրջ գործունեություն է ծավալում մարզաձեւը երկրում տարածելու եւ զարգացնելու ուղղությամբ:
Արդեն 12-րդ անգամ Հայաստանում, այս անգամ՝ Արտաշատի քաղաքային մարզադաշտում,  անցկացվեց Ռ. Էմմիյանի անունը կրող հեռացատկի միջազգային ավանդական մրցաշարը, որին մասնակցում էին Ռումինիայի, Բուլղարիայի, Հնդկաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի եւ, իհարկե, Հայաստանի ներկայացուցիչները։ Ընդ որում, ամեն ցատկից հետո լեգենդար Ռոբերտ Էմմիյանը մոտենում էր յուրաքանչյուր մասնակցի ու բացատրում-ցուցադրում ցատկորդի սխալը, ներկայացնում կատարման ճիշտ տեխնիկան, գնահատում մարզիկի ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ մասնագիտական որակները:
Այս անգամ էլ Եվրոպայի ռեկորդը մնաց անսասան, ավելին, նույնիսկ լավագույն եռյակի արդյունքները մոտ մեկ մետրով զիջում էին ռեկորդը։ Այսպես. 7 մ 90 սմ արդյունքով հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Ալեքսանդր Պետրովը, նրան ընդամենը 1 սմ-ով զիջեց երկրորդ տեղն զբաղեցրած Վարդան Փահլեւանյանը, իսկ երրորդ հորիզոնականում Գոռ Ներկարարյանն էր՝ 7 մ 87 սմ:

ԱՉՔԻ ԸՆԿԱՆ ԱԶԱՏ ՈՃԱՅԻՆՆԵՐԸ
Սեպտեմբերի 5-16-ը Ֆրանսիայի Նից քաղաքում կայացած Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերին 54 մասնակիցների շարքում մեր երկրի ազգային հավաքականը գրավել է 12-րդ տեղը:
Մեր մարզիկները մրցում էին 7 մարզաձեւերից 5-ում՝ ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, հեծանվային սպորտ, սեղանի թենիս եւ աթլետիկա: Առավել հաջող հանդես եկավ ազատ ոճի ըմբշամարտի մեր հավաքականը, որը, նվաճելով 3 ոսկի եւ 1 բրոնզե մեդալ, թիմային հաշվարկով գրավեց 2-րդ տեղը: Ոսկե մեդալ են նվաճել Օհան Գիքինյանը (55 կգ քաշային կարգ), Նարեկ Սիրունյանը (66 կգ) եւ Վիկտոր Կազիշվիլին (96 կգ): 120 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Անդրանիկ Գալստյանը: Մեր ձյուդոյի թիմը ներկայացել էր 3 մարզիկով եւ նվաճել 2 բրոնզե մեդալ. Գրիգոր Իվանյանը՝ 60 կգ եւ Տիգրան Վարոսյանը՝ 66 կգ քաշային կարգերում:
Այլ մարզաձեւերից մենք մեդալակիրներ չունեցանք։ Հավելենք, որ 4 տարին մեկ անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին Հայաստանը մասնակցում էր 2-րդ անգամ: Նախորդ անգամ Լիբանանում անցկացված 6-րդ միջազգային խաղերից հայ մարզիկները վերադարձել էին 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս