ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԻՇՔԵԿՈՎ՝ ԱԼՄԱԹԻ
Հոկտեմբերի 14-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կմեկնարկի բռնցքամարտի աշխարհի 17-րդ առաջնությունը: Այն կավարտվի հոկտեմբերի 26-ին։
Երեկ՝ կեսօրին, Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի, ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի եւ թիմի բժիշկ Համլետ Բեգոյանի ուղեկցությամբ մեկնեց Բիշքեկ: Մեր հավաքականի անդամները Ղրղըզստանի, Լիտվայի եւ Գերմանիայի հավաքականների անդամների հետ այնտեղ ութօրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն, որից հետո միայն կմեկնեն Ալմաթի` մասնակցելու աշխարհի առաջնությանը:
Սպասվում է, որ այս առաջնությանը կմասնակցեն ռեկորդային թվով` 116 երկրների 576 բռնցքամարտիկներ: Նշենք, որ ստուգատեսը կանցկացվի նոր մրցակարգով. մարզիկները ռինգ կմտնեն առանց դիմակի, իսկ մրցավարները կաշխատեն միավորների նոր հաշվարկով: Հաղթողին կտրվի 10, իսկ պարտվողին` 9, 8 կամ 7 միավոր: Ներկայացվող թվերով կգնահատեն մրցակիցների ուժերի հարաբերակցությունը:
Իսկ մինչ առաջնությունն սկսվելը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը եւ առաջին փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը կմասնակցեն հոկտեմբերի 12-ին մեկնարկելիք մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի (ԱԻԲԱ) հերթական համաժողովին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարոն Գաբրիելյանն ասաց, որ Հայաստանն այդ խոշոր ստուգատեսում կներկայացնեն երեւանցիներ Կորյուն Սողոմոնյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Արթուր Քիրաջյանը (64 կգ), գյումրեցիներ Հովհաննես Բաչկովը (60 կգ) եւ Արման Հովիկյանը (75) կգ: Մեր բռնցքամարտիկները լավ մարզավիճակում են, թեեւ նրանց մեծ մասն առաջին անգամ կմասնակցի նման բարձր կարգի մրցաշարի։ Ցավոք, մի քանիսն ունեն թեթեւակի վնասվածքներ, բայց մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ մինչ մեկնարկը նրանք կապաքինվեն:

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԱՊԱՔԻՆՎԵԼ Է
Ֆուտբոլասերները լավ են հիշում, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա, կարելի է ասել՝ անփոխարինելի դարպասապահ Ռոման Բերեզովսկին վնասվածք էր ստացել սեպտեմբերի 6-ին կայացած Չեխիա-Հայաստան (1-2) հանդիպման ժամանակ։ Եվ ահա, ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահն ապաքինվել է եւ երեկ արդեն մարզվել ընդհանուր խմբում՝ պատրաստվելով Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի ԲԿՄԱ-ի դեմ խաղին։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս