ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԱՂՔԱՏ ՉԵՔ, ՈՐ ՓՈՂ ՉՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ իշխանությունները կրկին գործի են դրել մանիպուլյացիայի իրենց հմտությունները: Երեկ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարել է, թե միջազգային կառույցների գնահատականով՝ Հայաստանն այլեւս աղքատ երկրների խմբում չէ, եւ այդ իսկ պատճառով ո՛չ Արժույթի միջազգային հիմնադրամից, ո՛չ Համաշխարհային բանկից, ո՛չ էլ որեւէ այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունից այլեւս արտոնյալ վարկեր ստանալ չի կարող: Դ. Սարգսյանը նաեւ նշել է, որ դուրս գալով աղքատ երկրների խմբից՝ Հայաստանը փոխադրվել է միջին եկամուտներ ունեցող երկրների շարք:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի սանիկ Դավիթ Սարգսյանի այս հայտարարությունները, թերեւս, կարելի է տարօրինակ համարել: Բանն այն է, որ Հայաստանում այս տարիներին տեղի չի ունեցել այնպիսի դրական տեղաշարժ, որը թույլ կտա պնդել, որ մեր երկրում սոցիալ-տնտեսական վիճակն ավելի է լավացել: ՀՀ իշխանություններն էլ իրենց հերթին խուսափում են հրապարակել Հայաստանում աղքատության ցուցանիշները, այնինչ դա պետք է արվեր սեպտեմբերի ընթացքում: Այնպես որ, ֆինանսների նախարարը ճիշտ կաներ, եթե մասնավորեցներ, թե միջազգային կառույցներն ինչ չափանիշներ են օգտագործել Հայաստանն աղքատ երկրների ցանկից հանելու համար: Այդ չափորոշիչների հրապարակումը, հնարավոր է, որոշակի լույս սփռեր այս իրողության վրա:
Իսկ մինչ այդ, ինչպես պնդում են մասնագետները, միջազգային կառույցների կողմից Հայաստանն աղքատ երկրների խմբից հանելու իրական նպատակը բոլորովին այլ է. այդպես նրանք ցանկանում են գլուխներն ազատել Հայաստանին արտոնյալ վարկեր տրամադրելուց: Իսկ թե ինչու, դժվար չէ ենթադրել: ՀՀ իշխանությունները, մասնավորապես Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում, միջազգային ասպարեզում ձեռք են բերել “մուրացկանի” համբավ. իրենց օտարերկրյա այցելությունների ժամանակ այլ երկրներից մշտապես արտոնյալ վարկեր են խնդրում: Միայն մեկ ամսվա կտրվածքով հետեւյալ պատկերն է. Տ.Սարգսյանը սեպտեմբերի 10-ին Չինաստան կատարած այցի ժամանակ 16 մլն դոլար դրամաշնորհ է խնդրել այդ երկրից, խնդրանքը բավարարվել է: Սեպտեմբերի 18-ին Տ.Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին ու ԱՄՆ Միջազգային զարգացման ծրագրի ղեկավար Քերըն Հիլլիարդին: Վերջինս հիշեցրել է, որ նախորդ հանդիպման ժամանակ վարչապետը խնդրել էր հնարավորության դեպքում ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ օժանդակություն տրամադրի ՀՀ-ին: Հիլլիարդը ասել է, որ խնդրանքը բավարարվել է՝ ՀՀ-ին կտրամադրվի լրացուցիչ 1 միլիոն դոլար: ՌԴ-ն էլ դրամաշնորհ է տրամադրելու գազի սակագնի սուբսիդավորման նպատակով (առայժմ գումարի չափը չի նշվում): Եվ այսպես շարունակ: Միաժամանակ, վարկատու երկրները նաեւ տեսնում են՝ Հայաստանի արտաքին պարտքը հասել է անթույլատրելի շեմին: Ու հիմա նրանք խուսափում են պարտքերի մեջ խրված երկրին նոր գումարներ տալուց:
Եւս մեկ կարեւոր հանգամանք. վարկատու երկրներն իրենք էլ են տեսնում, որ տրամադրած գումարները Հայաստանում մսխվում են, ծախսվում անարդյունավետ: Ասվածի ապացույցներից մեկն էլ այն է, որ բյուջետային աջակցության անվան տակ ինչու են իշխանությունները միշտ նույն ոլորտներում բարեփոխումների նպատակով գումար ուզում, եւ դա՝ մի քանի տարի շարունակ: Իսկ դա նշանակում է, որ նախկինում տրամադրված գումարներն անարդյունավետ են ծախսվել, որ կրկին նույն նպատակով փող են խնդրում: Ի դեպ, պատահական չէ, որ այս տարվա սեպտեմբերին ռուս փորձագետ Մոդեստ Կոլերովը, որը հայտնի է որպես ռուսական իշխանություններին մերձ անձնավորություն, հայտարարել է. “Պետք չէ մոռանալ, որ Երեւանն այդպես էլ հաշվետվություն չներկայացրեց, թե ինչպես է ծախսվել ռուսական նախորդ՝ 500 միլիոն դոլարանոց վարկը: Այժմ էլ ահա հայերը փորձում են վերաֆինանսավորել այդ նույն վարկը` փաստորեն նպատակ ունենալով թաքցնել դրա մսխման մեխանիզմը”։ Այնպես որ, միջազգային կառույցները Հայաստանին աղքատ չեն համարում, միայն թե այլեւս անիմաստ փող չտան:
Չարաբաստիկ պարտքը
Եւս մեկ կարեւոր հանգամանք. ՀՀ կառավարությունը երեկ որոշում է կայացրել ժամանակից շուտ մարել 2009թ. վերցված ռուսական հայտնի 500 մլն վարկի մնացորդը: Կառավարությունը որոշել է 440 մլն դոլար տրամադրել. այդ գումարի մեջ են մտնում մայր գումարի մնացորդն ու տոկոսադրույքները: Ուշագրավն այն է, որ այս վարկը տրամադրվել էր 15 տարի ժամկետով, եւ այն հիմա մարելը կարող է արտառոց երեւույթ թվալ: Մանավանդ որ առ այսօր նման քայլի երբեւէ չէին դիմել: “Ժողովուրդ”-ի աղբյուրները պնդում են, որ ՀՀ իշխանություններն այս քայլին գնացել են ՌԴ իշխանությունների պահանջով. այդ վարկի զգալի մասը՝ 26 մլն-ն պարզապես անհետացել է, եւ վարկի փոշիացման մասին հրապարակումներ եղան ե՛ւ հայկական մամուլում, ե՛ւ ռուսական լրատվամիջոցներով: Ու հիմա տեսակետ կա, որ ՌԴ-ն ստիպել է ՀՀ իշխանություններին արագ վերադարձնել գումարները՝ այլապես սպառնալով բացահայտել ու հրապարակել կատարվածը:
Բայց սա արդեն բոլորովին այլ թեմա է: Մեզ մնում է միայն արձանագրել՝ ՀՀ իշխանությունները գրեթե բոլոր ոլորտներում ձեռք են բերում անհուսալի գործընկերոջ համբավ՝ օրըստօրե զրկվելով ֆինանսական հոսքերից:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 631 համար




Լրահոս