Մինչ այս պահը «Սասնա ծռեր» խմբավորման շուրջ 30 ներկայացուցիչներ շարունակում են պատանդ պահել 7 ոստիկանների:
Թերեւս պետք է արձանագրել, որ ամեն ինչ սկսվեց հուլիսի 13-ին Ժիրայր Սէֆիլյանի կողմից հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուքասզյանին ուղղված բաց նամակից, որտեղ գրված էր. «Այժմ ես բանտում եմ, ուստի դու պետք է ստանձնես նաև մեր տանդեմի այդ գործառույթը: Համոզված եմ, որ հաջողելու ես: Համոզված եմ նաև, որ շատ մոտ ապագայում դեռ առիթ ու հնարավորություն կունենանք միասին ծառայելու մեր ազգին և Հայրենիքին: Ի գո՛րծ, սիրելի՛ Գարեգին: Մե՛նք ենք տերը մեր երկրի»:
Նամակի հրապարակումից 5 օր անց հայտնի դարձավ, որ Հիմնադիր խորհրդարանի անդամները՝ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Արեգ Կյուրեղյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը և այլոք «Սասնա Ծռեր» խմբավորում ձեւավորելով 2016 թվականի հուլիսի 17-ին ժամը 5:28-ի սահմաններում «Կռազ» մակնիշի ավտոմեքենայով գրոհել են ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը, տիրացել ոստիկանների զենքերին, հագել նրանց զրահաբաճկոնները և պատանդ են պահում 7 ոստիկանների, որոնց թվում է ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Զինված խմբի անդաները պահանջում են ժիրայր Սէֆիլյանի ազատությունն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը: Սակայն ՀՀ իշխանության ներկայացուցիչները հրաժարվում են կատարել զինված խմբավորման պահանջները:
Իսկ ի՞նչ ձեռք բերեց այս իրավիճակում մեր երկիրը եւ ի՞նչ կորցրեց, թերեւս կպարզվի երկար մտորելուց եւ վերլուծելուց հետո: Բայց փաստ է, որ Թուրքիայում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձից հետո Հայաստանում նմանօրինակ իրադարձությունը մեր երկրի արտաքին իմիջի վրա կունենա խիստ բացասական ազդեցություն, որի համար նախեւառաջ մեծագույն պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը, որը անհաղորդ է հասարակության խնդիրներին ու պահանջներին:
ArmLur.am-ը կշարունակի հետեւել իրադարձությունների զարգացմանը եւ օպերատիվ կերպով կտեղեկացնենք անցուդարձի մանրամասները:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան