ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՐԵՏԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքս»-ի գաղտնազերծած փաստաթղթերի շարքում առանցքային տեղ է զբաղեցնում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի՝ 2009թ. նոյեմբերի 17-ին Պետդեպարտամենտին ուղարկված հաղորդումը: Վերջինս պատմում է հայկական քաղաքատնտեսական վերնախավի մասին՝ անդրադառնալով նրա տնտեսական հետաքրքրություններին, եկամուտներին եւ ունեցվածքին: Հեղինակը նկատում է, որ Հայաստանի տնտեսական ոլորտը բաժանված է երկու մեծ կայսրությունների միջեւ, որոնցից մեկի ղեկին Սերժ Սարգսյանն է, իսկ մյուսի գագաթին՝ Ռոբերտ Քոչարյանը:
ԱՄՆ դեսպանն ի սկզբանե արձանագրում է, որ հայկական քաղաքական-տնտեսական բնագավառում գործում է «հաղթողը տիրում է ամեն ինչին» սկզբունքը, ինչը հատկապես ցցուն դարձավ 2008թ. նախագահական ընտրություններից հետո, երբ իշխանությունը լայնածավալ «ճնշումներ սկսեց գործադրել Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը միացած Խաչատուր «Գռզո» Սուքիասյանի նկատմամբ»: Ամերիկացիների դիտարկմամբ՝ 2008թ. ընտրություններից հետո Սուքիասյանի արժեքավոր բիզնեսները սահուն կերպով անցան Սերժ Սարգսյանի հավատարիմների ձեռքը:
Անդրադառնալով Ս. Սարգսյանի ղեկավարած տնտեսական բուրգին՝ Մարի Յովանովիչը նկատում է, որ 2008թ. ընտրություններից հետո հայ օլիգարխիայի ճնշող մեծամասնությունն իր հավատարմությունն է հայտնել նրան: Այս համատեքստում դեսպանը հիշատակում է երկու օլիգարխների՝ Միկա Բաղդասարովին եւ Բարսեղ Բեգլարյանին, ովքեր համարվում են Ս. Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները: Յովանովիչը արձանագրում է, որ գործող նախագահը գրեթե ամբողջությամբ վերահսկում է վառելիքի ներմուծումը Հայաստան հենց վերը հիշատակված օլիգարխների միջոցով»: Ամերիկացիների համոզմամբ՝ «Ս. Սարգսյանի տնտեսական կայսրության հաջորդ ներկայացուցիչը Սամվել «Լֆիկ Սամո» Ալեքսանյանն է», ով հավատարիմ է Ս. Սարգսյանին: Թվարկելով այս օլիգարխին պատկանող բիզնեսները՝ Յովանովիչը նկատում է, որ «տարբեր աղբյուրներ պնդում են, թե ընտրությունների ժամանակ նա անձամբ է ղեկավարել «բանդիտներին»՝ Մալաթիա-Սեբաստիա թաղամասում բռնություններ կիրառելով հօգուտ Սերժ Սարգսյանի»: Ամերիկացի դիվանագետն անդրադառնում է նաեւ Ս. Ալեքսանյանի եւ այժմ արդեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տնտեսական փոխկապակցվածությանը: Դեսպանը պատմում է վերջինիս՝ տնտեսաքաղաքական խմբավորման՝ «ապարանյան կլանի» ղեկավար լինելու մասին, որի «վերնախավը Երեւան է թափանցել Ապարան քաղաքից»: Նախկին դատախազի տնտեսական հետաքրքրությունները թվելով՝ Մ. Յովանովիչն ավելացնում է, որ նա բազում բիզնեսներում հանդես է գալիս հենց Ս. Սարգսյանի անունից: Ամերիկացի դիվանագետի տվյալներով՝ «Ա. Հովսեփյանն ու նրա ապարանյան կլանը, ըստ էության, քաղաքականապես անկախ խաղացողներ են, բայց երբ խոսքը բիզնեսի մասին է, նրանք ամբողջապես Ս. Սարգսյանի կողքին են եւ ակտիվորեն աշխատում են Լֆիկ Սամոյի հետ»:
Ս. Սարգսյանին հավատարիմ օլիգարխների շարքում ԱՄՆ դեսպանը նշում է Ռուբեն Հայրապետյանին: Վերջինիս «Նեմեց Ռուբո» մականունը հիշատակելով՝ Յովանովիչը հայտնում է, որ նա հայկական ամենաքրեականացված օլիգարխներից մեկն է, ով կապեր ունի ռուսական հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ: Այս օլիգարխի ունեցվածքը ներկայացնելով՝ դեսպանը նշում է. «Իմ աղբյուրը հայտնում է, որ Նեմեց Ռուբոն զբաղվում է թմրաբիզնեսով»:
Փաստաթղթում անդրադարձ է կատարվել նաեւ Ս. Սարգսյանի եղբորը՝ «Ալեքսանդր «Սաշիկ» Սարգսյանին, ով խոշոր բիզնեսների լայն ցանց ունի եւ չի կենտրոնանում կոնկրետ մի բնագավառի վրա»: Յովանովիչը հիշատակում է իր աղբյուրների պնդումները, ըստ որի՝ «եթե դու հարկային եւ պետական այլ մարմինների հետ խնդիրներ ունես, դրանք հարթելու ամենաարագ եղանակը քո բիզնեսում Սաշիկին զգալի մասնաբաժին հատկացնելն է»: Դեսպանն առանձին անդրադարձել է նաեւ Ս. Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին: Ամերիկացիների տեղեկություններով՝ Սարգսյանի ընտանիքին է պատկանում աշխարհահռչակ «Ֆիլիպ Մորիս» ծխախոտային արտադրանքի ներմուծման մենաշնորհը Հայաստան, որին նախկինում տիրում էր «Գռզոն»:
Ամփոփելով Ս. Սարգսյանի տնտեսական բուրգի շուրջ իր մեկնաբանությունները՝ դեսպանը պատմում է. «Ճանապարհային ոստիկանության կողմից վարորդների թալանը ժամանակին հսկել է ՊՆ նախկին փոխնախարարը, իսկ այժմ (2009թ.-Ն. Հ.) ՃՈ-ից եկող եկամտային հոսքերը վերահսկում է հենց Սերժ Սարգսյանը, թեպետ հրապարակային ելույթներում նա անընդհատ շեշտում է նման ապօրինությունների անթույլատրելիությունը»: Փաստորեն, Մարի Յովանովիչը Վաշինգտոն ուղարկած փաստաթղթում մերկացրել է Հայաստանի գործող ղեկավարի գործի եւ խոսքի միջեւ առկա վիթխարի ճեղքը: Հետաքրքիր է, որ այս ամենը շատ լավ իմանալով՝ Արեւմուտքը շարունակում է համագործակցել նման իշխանության հետ, ինչը խոսում է նրանց կողմից կիրառվող երկակի ստանդարտների մասին:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս