ՔԱՆԻ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«2014թ. բյուջեն ցույց է տալիս, որ այս կառավարությունը չի կարող երկրի տնտեսությունը կառավարել, բացի նրանից, որ նաեւ երկիրը չեն կարող կառավարել: Իրենց ցանկացած հերթական քայլ վնաս է հասցնում տնտեսությանը»,-երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման տեսակետ հայտնեց ՀԱԿ կուսակցության վարչության անդամ Վահագն Խաչատրյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանում վերջին տարիներին հետեւողականորեն նվազում են օտարերկրյա ներդրումները: «Տնտեսական բյուջեն չի նախատեսում ներդրումներ, եւ մասնավորն էլ չի պատրաստվում ներդրումներ անել, ու այդ առումով տնտեսական աճի հեռանկարը վտանգված է: Այս մասին հրապարակավ խոսում է նաեւ վարչապետը, քանի որ երկու տարի է` արդեն ներդրումների ծավալները պակասում են,-ասաց նա` հավելելով, որ ներդրումների նվազման պատճառը մեկն է` այս իշխանությունների գոյությունը:-Քանի իրենք կան, ներդրումներ Հայաստանում չեն լինելու»: Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում ամեն տարի 2 միլիարդ դոլար անօրինական ճանապարհով գնում է իշխանությունների եւ նրանց մերձավոր բիզնեսմենների գրպանը: Նա խոսեց նաեւ կառավարության առաջարկով գործազրկության նպաստների ինստիտուտը վերացնելու մասին եւ կարծում է, որ հաճախ մարդը մեղավոր չէ աշխատանք չունենալու համար. «Թե ինչ են տալու դրա դիմաց, ես չգիտեմ, դրա մեջ տնտեսական հիմնավորում չեմ տեսնում»: Ըստ Խաչատրյանի՝ այսօր իշխանությունների գործողությունների նկատմամբ չկա վստահություն, քանի որ իրենք իրենց հակասում են. «Հակասության վերջին օրինակը սեպտեմբերի 3-ն էր, երբ մենք երեք տարի բանակցում էինք Եվրամիության հետ, սակայն գնացինք Մաքսային միություն»:
ՀԱԿ վարչության անդամը նաեւ ուշադրություն հրավիրեց փոքր ու միջին բիզնեսի վիճակին: Նրա գնահատմամբ՝ այդ ոլորտում վերջին երկու տարիներին տեղի ունեցողն իրականում բիզնեսի նկատմամբ ոտնձգություն է ու թալան. «Մենք կարիք ունենք տնտեսական լրացուցիչ միջոցների, բայց կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք, բիզնեսին հնարավորությունից ենք զրկում»: Վ. Խաչատրյանը նաեւ նշեց, որ ԱԺ-ում հավաքված են խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք ոչ միայն չեն պաշտպանում փոքր ու միջին բիզնեսի շահը, այլեւ դրանց դեմ են գնում. «Հարկային բազան շատանում է փոքր եւ միջին բիզնեսի հաշվին, եւ կառավարությունն այժմ ցանկանում է բարձրացնել հարկերը, ընդ որում փոքր ու միջին բիզնեսի հաշվին, ինչն ուղղակի կզրոյացնի փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում: Վարչապետը ցանկանում է, որ փոքր ու միջին բիզնեսը կայանա, սակայն այդ ուղղությամբ ոչինչ չի անում, եւ ես համոզված եմ, որ ոչինչ էլ չի անի: Դա շատ վտանգավոր երեւույթ է, որի մասին մենք իշխանություններին զգուշացնում էինք… Նման կառավարման համակարգով երկար ճանապարհ չենք կարող գնալ»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս