Օգոստոսի 31-ին Թումանյանի անվան զբոսայգում կնշվի աշխարհահռչակ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 108-ամյակը: Այդ կապակցությամբ «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը կկազմակերպի միջոցառումների շարք, որը հնարավորություն կընձեռի միանգամայն այլ տեսանկյունից ծանոթանալու Սարոյանի կյանքին եւ գործունեությանը, բացահայտելու նրա կերպարը:
Միջոցառման շրջանակներում հիմնադրամը, մասնավորապես, կկազմակերպի առցանց ընթերցանություն, որին կմիանան մասնակիցներ տարբեր քաղաքներից, այդ թվում` Երեւանից, Գյումրիից, Կապանից, Չարենցավանից, Վանաձորից. «Ուշագրավ է, որ ընթերցանությանը մասնակցություն կունենան նաեւ Բեյրութի մեր հայրենակիցները: Մասնակիցները միմյանց շարունակելով` Սարոյան կկարդան»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մանրամասնեց «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի փիար պատասխանատու Մերի Մելքոնյանը:
Նրա փոխանցմամբ` միջոցառման ընթացքում կլինի նաեւ կինոցուցադրություն, որի շրջանակում կներկայացվեն Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմեր, հնարավոր է նաեւ գրողի` արժեքավոր հարցազրույցների հոլովակներ:
Ամռան վերջին օրը կայանալիք միջոցառմանը կանցկացվի նաեւ «Սարոյանը՝ իմ աչքերով» խորագիրը կրող նկարչական մրցույթ, որի նպատակն է հնարավորություն ընձեռել նկարչությամբ հետաքրքրված անձանց՝ պատկերելու իրենց պատկերացրած Սարոյանին: Նկարչական բոլոր անհրաժեշտ պարագաները մասնակիցներին կտրամադրվեն նախապես: Մրցույթի արդյունքները կամփոփվեն պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, մասնակիցներից առավել հաջողակները կպարգեւատրվեն Սարոյանին առնչվող սիմվոլիկ նվերներով:
Մ. Մելքոնյանը նաեւ տեղեկացրեց, որ հայտնիների` երեւանյան փողոցներում տարածում գտած դիմանկարներով գրաֆիտիների հեղինակ Ռոբերտ Նիկողոսյանը Սարոյանի ծննդյան օրը ներկաների աչքի առաջ կպատկերի գրողի դիմանկարը:
Հավելենք, որ միջոցառմանը կանցկացվեն նաեւ վիկտորինաներ, ցուցահանդես, կլինի Սարոյանի սիրած ուտեստների հյուրասիրություն:
Հիշեցնենք, որ «Ինտելեկտուալ Ռենեսանս»-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը մոտ մեկ տարի առաջ գնել էր Վիլյամ Սարոյանի՝ Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում գտնվող աճուրդի հանված տունը, որն առաջիկայում տուն-թանգարան կդառնա:
Աննա Բաբաջանյան