Նոյեմբերյանում համայնքի ղեկավարի թեկնածուներին չեն ճանաչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 18-ին տեղի կունենան խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավարի ընտրություններ: Հիշեցնենք, որ Նոյեմբերյան համայնքը ներառում է Նոյեմբերյան քաղաքը եւ Ադրբեջանին սահմանակից 8 գյուղեր:
Գրանցված է Նոյեմբերյան համայնքի ղեկավարի 7 թեկնածու՝ Նոյեմբերյանի գործող քաղաքապետ, ՀՀԿ տեղական կազմակերպության կողմից որպես թեկնածու առաջադրված Վանուշ Ամիրաղյանը, ով քաղաքը ղեկավարել է 2002-2005թթ. եւ 2008թ.-ից մինչ օրս, անկուսակցական, անհատ ձեռներեց Կարեն Աբազյանը, ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահի տեղակալ, ճանապարհաշինական «Լեւոն երկրորդ» ՍՊԸ գնորդ, ՀՀԿ անդամ Արթուր Անանյանը, Նոյեմբերյանը 1996-2002 եւ 2005-2008թթ. ղեկավարած, անկուսակցական Սերյոժա Ամիրաղյանը, Բարեկամավանի գյուղապետ, ՀՀԿ անդամ Գարիկ Աբազյանը, Ոսկեպարի գյուղապետ, ՀՀԿ անդամ Երվանդ Եգանյանը եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Գարիկ Փիրումյանը:

Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը Ոսկեվան գյուղի մուտքի մոտ, ավտոճանապարհի վրա փակցրել է իր մեծ լուսանկարը: Դա Ոսկեվանի բնակիչների շրջանում խոսակցություների տեղիք է տվել, թե ինչու իրենց գյուղի՝ Ոսկեպարի մուտքի մոտ չի փակցրել նախընտրական մեծ պաստառը: Երվանդ Եգանյանն ասաց, որ ինքը գործել է օրենքի շրջանակներում: Նա իր նախընտրական մեծ նկարը փակցրել է նաեւ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, «Գվարզին» ձեռնարկության շենքի վրա: Ե. Եգանյանի խոսքով՝ խոշորացված Նոյեմբերյան համայնքի ընտրողների մոտ 40 տոկոսը չի ճանաչում համայնքի ղեկավարի թեկնածուներին, այդ պատճառով է ինքը մարդաշատ տեղերում փակցրել իր նկարները: Նոյեմբերյան համայնքի խոշորացումը շատ հապճեպ արվեց, համայնքի ղեկավարի թեկնածուներին ընտրողների մեծ մասն անձնապես չի ճանաչում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս