ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԵԿ ԱՄԻՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղիղ մեկ ամիս առաջ Հայաստանի քաղաքական թատերաբեմում սկսվեց փոփոխությունների լուրջ գործընթաց: Մեկնարկի կոճակը սեղմեց այդ գործընթացների «կնքահայր» Սերժ Սարգսյանը եւ սկսեց «մատ» անելու սկզբունքով «շախմատի տախտակի» վրայից հեռացնել «հնացած» դեմքերին: Ինչպես Հանրապետական կուսակցության հայտնի ԳՄ նիստում նշեց Սարգսյանը` չսահմանափակվել այն ներուժով, որն առկա է հանրապետականի շարքերում:

Այսպիսով, վաղը կլրանա Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելու մեկ ամիսը: Չնայած Սերժ Սարգսյանը հրամանագիրը ստորագրեց սեպտեմբերի 13-ին, բայց սեպտեմբերի 8-ին Հանրապետական կուսակցության ԳՄ նիստում արդեն ներկայացրել էր այդ փոփոխությունների առաջամարտիկը հանդիսացող նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին` վստահեցնելով, որ Կարապետյանը կարող է լինել փոփոխությունների սիմվոլ: Իսկ Կարապետյանը իր հերթին խոսել էր առաջիկա գործունեության մասին` նշելով, որ այդ գործունեությունը երկու փուլից է բաղկացած լինելու:
Այդ օրվանից անցել է մեկ ամիս: Ու ինչ առաջնթաց է գրանցել մեր կյանքում «փոփոխությունների սիմվոլ» հանդիսացող նորանշանակ վարչապետը: Փորձենք ամփոփել այս մեկ ամիսն ու հասկանալ՝ արդյո՞ք այս ընթացքում նա իսկապես ընկալվեց որպես սիմվոլ եւ կարող է արդյո՞ք ունենալ այդպիսի հավակնություններ: Այն, որ մեկ ամիսը երկար ժամանակ չէ, համաձայն ենք, բայց դա այն պետությունների պարագայում, որոնք կանգնած չեն լուրջ մարտահրավերների շեմին: Իսկ այն, որ մեր տնտեսության վիճակը լավ չէ, եւ մենք ունենք շատ ու շատ խնդիրներ, դրա մասին հայտարարեց հենց ինքը` Կարեն Կարապետյանը, սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ: Այնուամենայնիվ, գիտակցելով այս ամենը՝ եկավ առանց կախարդական փայտիկի, բայց անկեղծ լինելու պայմանով:
Արդարության համար նշենք, որ Կարեն Կարապետյանը ի սկզբանե զգուշացրել էր` սպասելիքներ, թե մեր տնտեսությունը արագ փոխվելու է, նման սիգնալներ չեն տալու, այլ կասեն, թե ինչ ուղղությամբ են ընթանալու, որ մաքսիմալ բարենպաստ պայմաններ ստեղծվեն: Բայց չէ՞ որ նրան այստեղ բերողը եւ մեծ հույսեր կապողն էլ նրան ներկայացնելիս էր զգուշացրել` դանդաղելու իրավունք չունեն եւ ոչ էլ ժամանակ։
Իսկ հիմա այն մասին, թե ինչպես է կանոնակարգում իր ժամանակը Կարապետյանը:
ՀՀ 14-րդ վարչապետը մինչ օրս անցկացրել է Կառավարության չորս նիստ. առաջինը` սեպտեմբերի 15-ին։ Այդ ընթացքում նա գրեթե բոլոր նախարարներին հարցեր էր ուղղում, հանդես գալիս առաջարկություններով։ Իսկ մշակույթի արդեն նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի զեկույցի ժամանակ Կարապետյանն անգամ առաջարկեց նախարարներին զեկույցները մաքսիմալ լակոնիկ ձեւակերպել: Վարչապետը հանդես եկավ նաեւ մի ոգեւորիչ հանձնարարականով` ՀԾԿՀ-ին ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը հանձնարարեց դիտարկել գազի եւ հոսանքի սակագնի նվազեցման հարցը եւ առաջարկ ներկայացնել: Իսկ արդեն հաջորդող մյուս երեք նիստերին սովորականի պես հնչում էին հանձնարարականներ, ու այդքանով ավարտվում դրայվասեր վարչապետի գործողությունները: Նրա նշանակումից հետո լայնորեն տարածվեց, որ լիակատար ազատություն ունի Կարեն Կարապետյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը երեկ, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ այդ ամենն ուղղակի մարդու աչքին թոզ փչելու միջոց է: Բոլոր կադրային փոփոխությունները որոշվում են նախագահականում: Չնայած դրան, մինչ օրս Կարեն Կարապետյանը տարված է միայն կադրային փոփոխություններով, ոչ մի հստակ եւ լուրջ գործողություններ, համենայն դեպս, տեսանելի չեն վատթար վիճակում գտնվող տնտեսությունը բարեկարգելու համար:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը վարչապետի պատկերացմամբ պետք է հանդիսանա այն օղակը, որը գործարարի ձեռքից բռնած տանում է, որպեսզի վերջինս որեւէ խնդրի չբախվի: Բայց այդ գերատեսչությունը ոչ միայն չի ձեռնարկում այդպիսի քայլեր, այլեւ թույլ է տալիս, որ «Հարկային օրենսգիրք»-ը բացասական ազդեցություն ունենա շահումով խաղերի սեփականատերերի համար` այդպիսով մենաշնորհ մտցնելով նաեւ այդ ասպարեզում: Ինչպես հայտնի է՝ շահումով խաղերի պետական տուրքը 5 անգամ բարձրացվելու է` ներկայիս 100 միլիոն դրամի փոխարեն սահմանվելով 500 միլիոն դրամ:
Ինչպես Կարապետյանն էր հավաստիացնում՝ իր համար կադրային փոփոխության հիմքում պրոֆեսիոնալիզմն է: Հատկանշական է, որ այդ պրոֆեսիոնալ կադրերով կազմված Կառավարության անդամներից գյուղատնտեսության «պրոֆեսիոնալ» նախարար Իգնատի Առաքելյանն արդեն իսկ գյուղացիների հետ ունեցած հանդիպման ընթացքում դրսեւորել է գյուղացու խնդիրներն անտեսելու տարակուսելի մոտեցում: Մասնավորապես՝ սեպտեմբերի 28-ին՝ աղավնաձորցիների հետ հանդիպման ժամանակ, ցուցաբերելով գործարարի մտածելակերպ եւ խոսելով մթերող ընկերության շահերից` նախարարը հայտարարել էր, որ գյուղացին պետք է համաձայնի գործարանի ներկայացրած գնի հետ, եւ որ ինքը չի պատրաստվում խնդրել, որպեսզի գործարանը մթերի իրենց ապրանքը: Եթե այսպիսին է Կարեն Կարապետյանի բերած պրոֆեսիոնալ կադրերի աստղաբույլը, ապա մեր ծանր վիճակում գտնվող տնտեսությունը ոչ թե կբուժվի եւ նորից ապրելու հույսեր կներշնչի, այլեւ իսպառ ու անհույս կմարի:
Ինչեւէ, աշնան այս մեկ ամիսը դեռեւս հագեցած է կադրային փոփոխություններով: Իրենց տեղը զիջում են ոչ միայն նախարարները, այլեւ վարչության պետերը, շարքային աշխատակիցները, փոխնախարարները, գալիս են նրանք, որոնց «վստահում է Կարապետյանը»: Ու թե ուր է տանելու այս ամենը, եւ ինչպիսի հանգուցալուծում է ունենալու սկսված գործընթացը, անկանխատեսելի է: Արդյո՞ք Կարապետյանի երկփուլանի ծրագիրը բարենպաստ պայմաններ կստեղծի մեր տնտեսության համար եւ կարդարացնի հույսերը, առայժմ շատ դժվար է ասել: Մինչդեռ հապաղելն այս պարագայում տանում է հետընթացի, կադրային փոփոխությունների հետ պետք են հստակ քայլեր, հանձնարարականներ, որոնք դեռեւս բացակայում են մեր նորանշանակ վարչապետի մեկամսյա պաշտոնավարության ընթացքում:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ»-Ն ՈՒ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ»-Ը ՄԻԱՑԵԼ ԵՆ

Ինչպես հայտնի է՝ դեռեւս 2014 թվականի դեկտեմբերի 30-ին կայացած խորհրդի նիստում ՀՀ Կենտրոնական բանկը որոշում էր կայացրել բարձրացնել բանկերին առաջադրվող ընդհանուր կապիտալի նվազագույն չափը: Ըստ այդմ, ՀՀ-ում գործող յուրաքանչյուր (այդ թվում եւ նոր բացվող) բանկ մինչեւ 2017-ի հունվարի 1-ը պետք է ունենա նվազագույնը 30 մլրդ դրամ կապիտալ՝ գործող 5 մլրդ դրամի փոխարեն:

Հիշեցնենք, որ այս որոշմանը հաջորդեց «ԲՏԱ Հայաստանը» «Հայէկոնոմբանկին» միացնելու մասին հուշագրի ստորագրումը, «Ինեկոբանկ»-ի կողմից «ՊրոԿրեդիտ Բանկ-Հայաստան»-ի ձեռքբերումը:
Իսկ, ահա, երեկ պարզ դարձավ, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն մտադրություն ունեն նախաձեռնել բանկերի միացման գործընթաց: Նախատեսվում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ միացումը «Արդշինբանկ» ՓԲԸ-ին: Ի դեպ, միացման արդյունքում ֆինանսական կառույցը կդառնա Հայաստանում ամենախոշոր բանկը՝ բանկային կապիտալի, ակտիվների եւ մասնաճյուղային ցանցի առումով:
«Ժողովուրդ»-ը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի արտաքին կապերի պատասխանատու Ելենա Մարկովայից տեղեկացավ, որ այս տարվա հոկտեմբերի 7-ին ավարտվել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի «Ռեգիոն» Ֆինանսական արդյունաբերական կորպորացիայի կողմից ձեռքբերման գործարքը, որի միակ բաժնետերն է հանդիսանում «Արդշինբանկ»-ի խորհրդի նախագահ, Ռուսաստանում հայտնի գործարար Կարեն Սաֆարյանը: Ե. Մարկովան «Ժողովուրդ»-ին հայտնեց նաեւ, որ «Ռեգիոն» Ֆինանսական արդյունաբերական կորպորացիան հիմնադրվել է 2006 թվականին եւ իր հիմնադրման օրվանից մինչ օրս ներդրումային գործունեություն է ծավալում Հայաստանում:
Ի դեպ, նշենք, որ երկու բանկերի միացումից հետո «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ընդհանուր կապիտալը կկազմի մոտ 74 մլրդ դրամ, ակտիվները կհասնեն մոտ 540 մլրդ դրամի, իսկ վաճառքի ցանցը բաղկացած կլինի թվով 72 ունիվերսալ մասնաճյուղերից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՀԱՐՍԸ ԳՈՂԱՑԵԼ Է
Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակչուհի, 1987թ. ծնված Լիա Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մարտի 11-ին իր փաստացի բնակության վայր հանդիսացող Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի 11-րդ փողոցի 9-րդ տան ննջասենյակի պահարանից գաղտնի հափշտակել է իր ամուսնու մոր՝ Ալվարդ Մկրտումյանի 69 հազար դրամ արժողությամբ ոսկյա մատանին: Բացի այդ, տեղյակ լինելով, որ իրենց տան առաջին հարկում պահեստարան հանդիսացող տնակում կախովի կողպեքով փակված փայտյա արկղի մեջ դրված 3 լիտր տարողությամբ ապակե տարայի մեջ իր ամուսնու եղբայր Շավարշ Վարդանյանն ունի գումար, տան հյուրասենյակից գտած բանալիով բացել է նշված արկղի կողպեքը եւ այնտեղից գաղտնի հափշտակել 120 հազար դրամ: Լ. Վարդանյանը խաբեությամբ, իրականությունը խեղաթյուրելով՝ իր ամուսին Էդգար Ադամյանի եւ տեգրոջ՝ Շավարշ Ադամյանի անունից վարկային գիծ է բացել եւ քարտի միջոցով հանելով գումարներ՝ դրանք ծախսել անձնական կարիքների համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով, 178 հոդվածի 1-ին մասով եւ 179 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2016թ. ապրիլի 25-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Լ. Վարդանյանին մեղավոր ճանաչել առաջադրված հոդվածներում եւ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով դատապարտել 1 տարի, 6 ամիս ազատազրկման: Դատավորը վճռել է քաղաքացիական հայցերը բավարարել եւ Լ. Վարդանյանից հօգուտ Շավարշ Ադամյանի բռնագանձել 1 միլիոն 103 հազար դրամ, հօգուտ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել732 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցում: Լ. Վարդանյանի պաշտպանը բողոքարկել է նշված դատավճիռը: Նա վերաքննիչ բողոքով խնդրել է բեկանել այն, ճանաչել եւ հռչակել ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 1-ին մասով 12 դրվագով ամբաստանյալ Լիա Վարդանյանի անմեղությունը, նշանակել նշված հոդվածների սանկցիաներով նախատեսված մեղմ, նվազագույն պատժաչափ, միաժամանակ նշանակվելիք պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել համապատասխան ժամկետով փորձաշրջան, վերը նշված խնդրանքները չբավարարելու դեպքում բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2016թ. ապրիլի 25-ի դատավճիռը եւ այն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության: Քրեական գործերով վերաքննիչ դատարանը բողոքի քննության ժամանակ հաշվի է առել, որ Լ. Վարդանյանը բնակվել է Ղազախստանում, ռուսական կրթություն է ստացել, չի տիրապետում հայերեն գրավոր լեզվին, նրա նկատմամբ քննչական գործողությունները կատարվել են առանց պաշտպանի, քննչական մարմինը չի տրամադրել հանձման ենթակա փաստաթղթերի ռուսերեն լեզվով վավերացված պատճենները՝ դրանով խախտելով նրա իրավունքները: Վերաքննիչ դատարանը բողոքը մասնակիորեն բավարարել է եւ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է այս գործով դատաքննությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս