Նախարարի դեմքին անգամ անհանգստություն չկար. Տարոն Տոնոյանը` Երևան ԲԿ-ի փակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել էինք, որ «Երևան» բժշկական կենտրոնը լուծարվում է, իսկ պատճառը ոչ թե  ֆինանսական խնդիրներն են, այլ բժշկական կենտրոնի սեփականատերերի միջև տեղի ունեցող ներքին խմորումները:

ԲԿ-ում տիրող իրավիճակի շուրջ եղած աղմուկի մասին մեր հարցին ի պատասխան, ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը նշել էր, որ իրենց գործառույթների մեջ չի մտնում այդ խնդրով զբաղվելը: Ստացվում է, որ բժշկական կենտրոն է լուծարվում, սակայն դա ՀՀ առողջապահության նախարարությանը, մեղմ ասած, չի հուզում:

ArmLur.am-ի հետ զրույցում ԲԿ-ի գլխավոր վիրաբույժ Տարոն Տոնոյանը մեր հարցին պատասխանելով նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունից որևէ արձագանք չի եղել. «Բժշկական կենտրոնը լուծարվել է, աշխատակիցները մնացել են անգործ, ով իրեն դիմող հիվանդ ունի, տեղափոխում է այլ հիվանդանոց և վիրահատում: Ես հասկանում եմ, որ սա այնպիսի խնդիր է, որը շարունակում է մնալ իմ և իմ գործընկերոջ ողջամտության վրա: Բայց պետք է ասեմ, որ նախարարի դեմքին անգամ անհանգստություն չկար, նա հստակ ասաց, որ առանց «Երևան» ԲԿ-ի իրենք իրենց հարցերը կարող են լուծել»:

Վիրաբույժը նաև նշեց, որ աշխատակիցների մի մասը փորձել է հանդիպել նախարարին, բայց դա տեղի չի ունեցել: Նա հավելեց, որ գործընկերոջ հետ բանակցությունների գնալու պատրաստ է, սակայն մյուս կողմի դիրքորոշումը մեկն է՝ ստանձնել տնօրենի պաշտոնը. «Ամեն դեպքում կարծում եմ, որ պետք է ելք գտնվի, որպեսզի այդքան մարդ աշխատանք չկորցնի»:

Հիշեցնենք, որ Տարոն Տոնոյանը  բարձրաձայնել էր, որ իր ձեռքից Երևան ԲԿ-ն վերցնել ցանկացողը Զորի Բալայանն է:




Լրահոս