Եռյակ տղաների ընտանիքին օգնություն է հարկավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի ծննդատանը ամիսներ առաջ լույս աշխարհ եկած եռյակի ծնողները հայտնվել են անելանելի դրության մեջ: Հանրակացարանում բնակվում են ամուսիններով, եռյակ տղաներն ու նրանց 2 քույրերը:

7 հոգուց բաղկացած ընտանիքին հանրակացարանի մեծ սենյակ նվիրաբերել էր Վանաձորի քաղաքապետարանը՝ եռյակի լույս աշխարհ գալուց հետո: Տարբեր բարերարներ էլ նվիրաբերել էին հագուստ, տակդիրներ, խնամքի պարագաներ: Տղաներն արդեն 8 ամսական են, նվիրաբերած հագուստները փոքրացել են, տակդիրներն ու մանկական կերերը՝ վերջացել: Ընտանիքի հայրը՝ Սամվել Միրզոյանը, օրավարձով աշխատող է, ասում է՝ օրերով աշխատանք չի ունենում: Բացի երեխաների սնունդի ու հագուստի խնդիրներից՝ ներկայումս ընտանիքը իրենց կացարանը ջեռուցելու գերխնդրի առաջ է կանգնած. վառելափայտի ձեռք բերման համար գումար չկա:

Եռյակի ծնունդը անակնկալ էր ոչ միայն ծնողների, այլ նաեւ Վանաձորի ծննդատան բժիշկների համար: Երեխաների քաշը տատանվում էր 1700-1900 գրամի սահմաններում: Այս ծննդատանը մեկ էլ եռյակներ լույս աշխարհ էին եկել 23 տարի առաջ: Կեսարյան հատմամբ հայրենիքին երեք զինվոր պարգեւած Ռիմա Միրզոյանը չի նեղսրտում եռյակներին խնամելու դժվարություններից, ասում է՝ եթե նորմալ պայմաններ լինեն, ամեն ինչ էլ կստացվի, միայն թե երեխաները ապահովված լինեն մինիմալ անհրաժեշտով՝ հագուստով, սնունդով ու առաջնային այլ պայմաններով:

Էդվարդ Արզումանյան
Վանաձոր




Լրահոս