Ովքեր են Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվողները. «ժուչոկներից հեռու» հանդիպումներ են տեղի ունենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Երևանի «Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցավ «Երրորդ հանրապետություն» կուսակցության 7-րդ արտահերթ համագումարը: Կուսակցության վարչությունը փակ քննարկումից հետո հայտարարեց, որ կուսակցության նախագահ է ընտրվել կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը:

Մինչ համագումարի մեկնարկը, հայտարարվեց, որ այն նվիրված է ներկուսակցական հարցերի քննարկմանը, ուստի այլ քաղաքական ուժեր չեն հրավիրվել, ինչպես նաեւ չեն հնչելու ողջույնի խոսքեր այս կամ այն քաղաքական ուժի անունից: Համագումարին չէր մասնակցում նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Վերջինիս մասին Դալլաքյանը, սակայն, արդեն հայտարարել էր, որ դաշնակիցներ են լինելու:

Իսկ ինչո՞վ է զբաղված Սեյրան Օհանյանը: Նա Վահագնի թաղամասում առանձնատուն է վարձակալել, որտեղից հետեւում է նույն թաղամասում կառուցվող իր առանձնատան շինարարական աշխատանքներին, միաժամանակ «ժուչոկներից հեռու» հանդիպումներ է ունենում: Երեկ «Ժողովուրդ»-ը այդ հանդիպումերից մեկի մասին մանրամասներ էր հայտնել: Ըստ այդմ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հանդիպել են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ հանդիպումը միակը չէ: Այժմ խնդիր է դրված լայն դաշինքային ճակատ սարքել, որը կլինի ընդդիմադիր «շարժիչով», անխնա կքննադատի գործող ռեժիմին, այնտեղ պետք է տեղավորվեն հին ու նոր պաշտոնյաներ, ազատամարտիկներ:

Ուշագրավն այն է, որ ազատամարտիկների հետ ակտիվորեն լոբիստական աշխատանք է տանում նաեւ Արցախի հերոս Սամվել Բաբայանը, որի հետ ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը, մեղմ ասած, թշնամական հարաբերություններ ուներ: Բայց ինչպես ասում են՝ քաղաքականության մեջ երբեք չեն լինում հավերժ թշնամիներ կամ բարեկամներ, այլ լինում են հավերժական շահեր:

Եւ այսպես՝ սպասվելիք երկրորդ ընդդիմադիրոտ ճակատի անդամները պարբերաբար հանդիպում են Օհանյանի առանձնատանը: Այդ բանակցություններին մասնակցում է նաեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Միասնական Արմենիա» շարժման հիմնադիր Արթուր Ալեքսանյանը, ով արդեն իր հրապարակային աջակությունն է հայտնել Օհանյանին, եւ այլ ազատամարտիկներ:

Այդ բանակցությունների մասին տեղեկությունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Արամ Գ. Սարգսյանը՝ չմանրամասնելով, թե ինչ են պայմանավորվել կամ պայմանավորվում: «Բանակցությունները գնում են կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ, իսկ ինչ վերաբերում է, թե երբ հայտարարություն կլինի, դա առաջիկայում պարզ կլինի, մեր բանակցությունները ավարտված չեն, երբ կավարտվեն, կասենք»:

Հմայակ Հովհաննիսյանի պատասխանն էլ, ըստ էության, չհերքեց մեր տեղեկությունները. «Այդ բոլոր մարդկանց ես հարգում եմ, բոլոր մարդկանց հետ համագործակցում եմ, բոլորի հետ հաճախ հանդիպում եմ: Երբ որ լուրջ քաղաքական գործընթացը կհասունա, դա կլինի բաց, եթե իմ մասնակցությամբ լինի, հասարակության աչքի առջեւ հրապարակային քննարկումների ընթացքում բյուրեղացված որոշումների եղանակով կլինի»,-բացատրեց Հովհաննիսյանը:

«Համախմբում» կուսակցության դիրքորոշումն ու եզրակացություններն այդ բանակցությունների վերաբերյալ փորձեցինք պարզել կուսակցության անդամ Երվանդ Բոզոյանից: Թեեւ Բոզոյանը տեղյակ չէր կոնկրետ մեր մատնանշած հանդիպումից, բայց նշեց, որ նման հանդիպումներ պարբերաբար են տեղի ունենում. «Անկեղծ ասած` ես նման տեղեկությունների մասին չեմ քննարկել, բայց որ շփումներ կան տարբեր շրջանակների հետ, եւ ընդհանուր առմամբ քննարկվում են միասնական որոշակի խնդիրներ, դա միանշանակ է: Այսինքն` շփումներ շատ շրջանակների հետ կան, այդ թվում նաեւ Ձեր նշած շրջանակների: Բոլորի մոտ ցանկություն կա մեկ դաշինքով հանդես գալ, որովհետեւ հասկանալի է, որ մեծ դաշինքն է երաշխավորում հաջողությունը ընտրությունների ժամանակ»,- նշեց Բոզոյանը:

Իհարկե, դաշինքով գնալը միշտ քաղաքականապես ավելի ձեռնտու է, քանի որ հաղթանակի շանսերը մեծանում են, չնայած որ անցողիկ 5 տոկոսանոց շեմը 7 է դառնում: Բայց կոնկրետ այս դաշինքին անասելի խանգարում է Գագիկ Ծառուկյանը: Նրա վերադարձը խառնում է բոլորի խաղաքարտերը: Այդ իսկ պատճառով հնարավոր դաշինքի բոլոր անդամները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներին, տեղական հեղինակություններին ու նույնիսկ պատգամավորներին համոզում, բացատրում են, որ Ծառուկյանը չի վերադառնալու քաղաքականություն, քանի որ դեռեւս այդ թույլտվությունը չի ստացել, ուստի լավ կլինի միավորվել Սեյրան Օհանյանի շուրջ: Վերջինս դեռ չի կողմնորոշվել, թե հնարավոր դաշինքի անդամ կուսակցություններից որի անդամ կդառնա, որպեսզի պատգամավորության թեկնածու գրանցվի: Հավելենք, որ այս ճակատին էլի մի քանի «մանր-մունր» կուսակցություններ կմիանան:

«Ժողովուրդը» տեղեկացավ, որ պայմանականորեն ասած՝ «Օհանյան դաշինքի» միասնական հուշագրի տեքստը գրեթե պատրաստ է, որը նախատեսվում է հրապարակել տոներից հետո: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ քաղաքական դաշտում դեռեւս ուրվագծված իրական ընդդիմությունը, ըստ էության, մնում է «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություների «Ելք» անունով դաշինքը, քանի որ Օհանյանի շուրջ համախմբվողներին հասարակությունը վերապահումներով է մոտենում:

Վահագն Հակոբյան




Լրահոս