Մարտի 13-ից «Արմենիա» հեռուստաընկերությամբ կմեկնարկի «Ֆուլ հաուս» սիթքոմի նոր՝ 6-րդ եթերաշրջանը: Արդեն հայտնի է, որ նախագծն ունենալու է երկու նոր հերոս, որոնց կմարմնավորեն դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը (հանդես կգա Լիկայի հոր ընկերոջ որդու դերում, որը նվեր էր ուղարկել նրան) եւ դերասանուհի Թամարա Պետրոսյանը (կփորձի օգնել Սերգեյին, որպեսզի տիկին Տամարան նրանից ապահարզան պահանջի, եւ Սերգեյը կարողանա ստանալ նրա ունեցվածքի կեսը):
«Ժողովուրդ»-ը սիթքոմի դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանից հետաքրքրվեց՝ դժվար չէ արդյոք նույն կերպարների շուրջ կառուցել նոր պատմություններ, որոնք չեն ձանձրացնի հեռուստադիտողին. «Իհարկե, դժվար է, բայց մեր գնահատմամբ՝ նախագիծը դեռ չի սպառել իրեն: Ամեն ինչ անում ենք, որ հետաքրքրությունը պահենք, անակնկալներով լի եթերաշրջան ենք խոստանում: Ամեն եթերաշրջանից առաջ մեր թիմով ամբողջությամբ նոր, նախորդ եթերաշրջանից ռադիկալ կերպով տարբերվող սյուժե ենք մտածում` իհարկե, որոշ հիմնական գծեր պահպանելով»,-մեկնաբանեց Գրիգորը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ մարտին «Ֆուլ հաուս»-ի անձնակազմը հյուրախաղերով լինելու է Ռուսաստանի Դաշնությունում, ապա նաեւ՝ Եվրոպայում:
Իսկ դրանից հետո արդեն ֆուլհաուսցիները հանդես են գալու հերթական անակնկալով: Գրիգորը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այս տարվա սեպտեմբերին Երեւանում սպասվում է սիթքոմի թիմի անդամների՝ ամբողջությամբ նոր ծրագրով համերգը. «Այս ծրագիրը մեր նախորդ համերգի ծրագրի հետ ընդհանրապես ոչ մի կապ չի ունենալու: Մենք, իհարկե, կարող էինք շարունակել ներկայանալ հին ծրագրով, բայց նախընտրեցինք թարմ շունչ հաղորդել համերգին: Շատ հնարավոր է, որ ծրագրի շրջանակում ընդգրկենք նաեւ մեր նոր դերասաններին: Ամեն բան կախված է այն հանգամանքից, թե ինչպես հեռուստադիտողը կընդունի նրանց խաղը: Համերգում տեղ կգտնեն նաեւ երաժշտական համարներ: Հանդիսատեսը կտեսնի այնպիսի իրավիճակներ, որոնք հեռուստատեսությամբ հնարավոր չէ տեսնել, եւ որոնք նախատեսված են հենց բեմի համար»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Աննա Բաբաջանյան