Փոխզիջումների մասին խոսելը աբսուրդ է. ԵԼՔ դաշինքի պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հ1-ի եթերում անդրադառնալով արցախյան հարցի լուծման՝ մյուս քաղաքական ուժերի կողմից առաջարկվող տարբերակներին, դրանք որակեց որպես հեքիաթ:  «Բոլոր քաղաքական ուժերը պետք է պատասխանեն մեկ հարցի… համաձա՞յն եք Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված եւ ՀՀ իշխանությունների կողմից ընդունված կարգավորման ծրագրի ստորագրմանը, թե՞ ոչ: Մենք ասում ենք՝ համաձայն ենք»,-ասաց Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ միայն ՀՀԿ-ն է այդ գծի մեջ:

«Ժողովուրդ»-ը ներկայացնում է խորհրդարանական ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի արձագանքը Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականներին:

-Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ գրեթե բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում ներկայացված լուծման տարբերակները հեքիաթ են: Դուք լուծման ի՞նչ տարբերակներ եք առաջարկում:

Էդմոն Մարուքյան, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող պատգամավորության թեկնածու

-Մենք հստակ հայտարարել ենք, որ փոխզիջումների մասին խոսելը աբսուրդ է, այն պայմաններում, որ Ադրբեջանը խոսում է իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման կանոններով: Մենք ասում ենք, որ «Ելք» դաշինքի իշխանության գալու պարագայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խախտված ռազմաքաղաքական բալանսը պետք է վերականգնվի, որը առաջին երաշխիքը կարող է լինել խաղաղության:

Երկրորդը՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսության զարգացման արդյունքում է, որ մենք կարող ենք Արցախի հարցի հայանպաստ լուծում ունենալ եւ այդ խնդրի լուծումը տեսնում ենք մեր հզորացման մեջ եւ ոչ թե Ռուսաստանում, Ամերիկայում կամ Եվրոպայում:

-Համաձա՞յն եք Մինսկի համանախագահության կողմից առաջարկված եւ ՀՀ իշխանության կողմից ընդունված կարգավորման ծրագրի ստորագրմանը, թե՞ ոչ:

– Մենք ասում ենք՝ համաձայն չենք, որովհետեւ այդտեղ կա փոխզիջում, եւ չկա Արցախի Հանրապետության կարգավիճակ, չկա որեւէ բան դրա դիմաց, եւ այն պայթյունավտանգ կարգավորման մի օրինակ է, որի արդյունքում կարող ենք ստանալ մեծ պատերազմ, ուրիշ ոչինչ: Եվ եթե իրենք համաձայն են իշխանությունների հետ՝ կարգավորման մոտեցման հարցում, ես էլի կրկնում եմ իմ միտքը՝ իրենք ինչի՞ն են ընդդիմություն՝ Սերժ Սարգսյանի անձի՞ն, թող մի ցուցակով մասնակցեին, էլի, ես չեմ հասկանում, թե ինչու են առանձին մասնակցում:

զրուցեց Վահագն Հակոբյանը




Լրահոս