ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ երիտասարդ գիտնականների դպրոցների կազմակերպման համար հատկացվում է որոշակի ֆինանսական աջակցություն: Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ ժամկետներում է տրվում ֆինանսավորումը:
Նարինե Հունանյան (28 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի ընդունումից հետո ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունը իրականացնում է ներկայացված հայտերի տեխնիկական ստուգումը, անհրաժեշտության դեպքում դրանք վերադարձնում է լրամշակման, տասնօրյա ժամկետում կազմում է ներկայացված հայտերի ցանկը:
Ներկայացված հայտերի գնահատման նպատակով կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվում է գնահատող հանձնաժողով: Յուրաքանչյուր հայտի համար հանձնաժողովի անդամները տասնօրյա ժամկետում լրացնում են հայտի գնահատման թերթիկը՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 14.10.2016 թ. N 51-Ա հրամանի հավելված 2.2-ի համաձայն: Հայտի գնահատականը հանձնաժողովի անդամների միջին թվաբանականն է:
Կոմիտեի նախագահը տվյալ տարվան հաջորդող տարվա ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի ընդունումից հետո, ելնելով տվյալ տարվան հաջորդող տարվա ՀՀ պետական բյուջեով երիտասարդ գիտնականների դպրոցների կազմակերպման համար նախատեսվող հատկացումների չափից, հաստատում է ֆինանսական աջակցության ենթակա դպրոցների ցանկը եւ յուրաքանչյուրի կազմակերպման համար նախատեսվող ֆինանսավորման ծավալը:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ երիտասարդ գիտնականների դպրոցների կազմակերպման համար ֆինանսական աջակցություն ստանալու վերաբերյալ հայտեր կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող պետական կազմակերպությունները կամ բուհերը: