Առաջիկա ամիսներին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կփակվի: Գրասենյակից ArmLur.am-ին հայտնեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարության հանդիպումները, Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերի այցը տարածաշրջան, բազմաթիվ փոխանակումները ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի և Ավստրիայի փոխարտգործնախարար Մայքլ Լինհարթի և երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև, ինչպես նաև մշտական ոչ պաշտոնական խորհրդակցություններն ու ջանքերն այլ մասնակից երկրների կողմից, հաշտեցման չբերեցին:
Ինչպես հայտնի է`ապրիլի 21-ին և 22-ին, Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերը այցելել է Երևան և Բաքու՝ ուսումնասիրելու համար փակուղուց դուրս գալու ճանապարհները, սակայն դա էլ արդյունք չի տվել:
Հավելենք, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումից հետո, Երևանի գրասենյակը հանդիսանում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ միակ լիարժեք ներկայությունը: