Մեր նվազագույն խնդիրը եռյակ մտնելն է. Վահագն Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բասկետբոլի Մ 16 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականը պատրաստվում է հուլիսի 25-30-ը Ջիբրալթարում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Այժմ բասկետբոլիստները Վահագն Հարությունյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչը նշեց, որ Ջիբրալթար մեկնելու են ութ խաղացողով.

«Ցավոք, երկու բասկետբոլիստ մեզ չեն օգնի Եվրոպայի առաջնությունում: Ռիտա Ալնահին վնասվածք ունի, իսկ Ալեքսանդրա Անտոնյանին վիզա չեն տրամադրել, քանի որ մենք մի քանի օր ուշացրել էինք փաստաթղթերը:

Իհարկե, սա ինչ որ չափով կազդի խաղի վրա` փոխարինումներ շատ կատարել չենք կարողանա: Բայց մեր նվազագույն խնդիրը լավագույն եռյակ մտնելն է»,- նշեց Վահագն Հարությունյանը:

Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մրցակիցներն են Ջիբրալթարը, Մոնակոն եւ Ուելսը.

«Մրցակիցներին ծանոթ ենք, բացի Մոնակոյից: Պայքարելու ենք մինչեւ վերջ: Միասին մարզվելու քիչ ժամանակ ունենք, երկու ընկերական հանդիպում ենք անցկացրել: Հիմնականում կատարել ենք մեր առջեւ դրված խնդիրները: Թիմը խաղային ձեռագիր ունի: Աղջիկները շատ լավ կարողանում են համագործակցել խաղադաշտում, թիմային ոգին բարձր է»,- ասաց մարզիչը:

Մ 16 տարեկանների հավաքականում ընդգրկվել են` Ասլանյան Աննա, Հովհաննիսյան Անի, Գոմցյան Տաթեւ, Մելիքյան Քրիստինա, Պողոսյան Շաքե, Շահինյան Էլեն, Օհանյան Քրիստինա, Մկրտչյան Էմմա:

Մի քանի բասկետբոլիստներ հանդես են եկել նաեւ Մ 18 տարեկանների թիմում:




Լրահոս