Մեղադրող կողմը դժգոհ է 2016 թվականին գործարար Բարսեղ Բեգլարյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Զուրաբյանի առանձնատներում կատարված գողության առթիվ դատավարության ելքից:
Հիշեցնենք, որ Երեւանի բնակիչներ Շահեն Գասպարյանը կողոպտել էր ոչ միայն Բեգլարյանի ու Զուրաբյանի, այլեւ մի շարք այլ քաղաքացիների բնակարաններ:
Հարուցված քրեական գործով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Շահեն Գասպարյանի նկատմամբ վերջնական պատիժ էր սահմանել՝ ազատազրկելով 11 տարի ժամկետով, իսկ նրա ընկերոջը` Նիկոլայ Հարությունյանին հանցագործությունը պարտակելու համար ազատազրկման էր դատապարտել 6 ամիս ժամկետով:
Սակայն մեղադրող դատախազին չի գոհացրել դատավոր Մարինե Մելքոնյանի կայացրած ակտը, եւ նա բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով, որ Շահեն Գասպարյանի պատիժը խստացնեն եւ նրան ազատազրկման դատապարտեն 13 տարի ժամկետով: