2 տարի առաջ գործարկված ճանապարհը փլվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թվականին Իջեւան-Բերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածում ադրբեջանական կրակոցներից 3 զինվորական էր զոհվել, 11 հոգի վիրավորվեցին, որից 2-ը՝ քաղաքացիական անձ: Դեպքից հետո այդ հատվածում շրջանցիկ ճանապարհի գործարկումը հրատապ խնդիր դարձավ, որի համար գործադրվեցին հսկայական ջանքեր:

Տեղեկացնենք, որ սույն ճանապարհի շինարարության մրցույթը շահեց, եւ այն կառուցում էր Իջեւանի ՃՇՇ-ն: 2014թ. սեպտեմբերին փոխվեց ճանապարհի կառուցապատողը, գործը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին: Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ, 6-7 մետր լայնությամբ շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը նախատեսված էր ավարտվել 2014թ. հունիսին, սակայն այն գործարկվեց նախատեսվածից մեկ տարի ուշ՝ 2015թ. հուլիսին: Այդ նպատակով պետական բյուջեից հատկացվեց շուրջ 535 միլիոն դրամ:

Շրջանցիկ ճանապարհը կոչված է ապահովելու սահմանամերձ հատվածում երթեւեկի անվտանգությունը դիմացի բարձունքներում գտնվող ադրբեջանական հենակետերից արձակվող կրակոցներից: Ճանապարհամերձ մի հատվածում, որը տեսանելի է ադրբեջանական դիրքերից, կառուցվել է երթեւեկն ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանող 150 մ երկարությամբ եւ 5.5 մ լայնությամբ պատ:

Նշենք, որ այդ ճանապարհը 6 ոլորաններ ունի, ոլորաններում վարորդների տեսադաշտը նեղ է: Մարդիկ խուսափում են ոլորապտույտ այդ ճանապարհից, գերադասում են երթեւեկել սահմանամերձ տարածքով ձգվող հիմնական ճանապարհով: Շրջանցիկ ճանապարհի կառուցումից հետո սողանքից ասֆալտի ծածկում ճեղքեր առաջացան, որի պատճառով հետո քանդվեց անվտանգության առումով կարեւոր ճանապարհի մի հատված:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանին 2016թ.-ին «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ճանապարհի նախագծող «Ճաննախագիծ» ՍՊԸ-ն նախագիծ կազմելիս ինչո՞ւ չի ուսումնասիրել տեղանքը, որպեսզի բացահայտեր սողանքի վտանգը: Ա. Արշակյանն ասաց, որ գիտության ներկայիս մակարդակը թույլ չի տալիս սողանքի վտանգը բացահայտող նման կանխատեսումներ անել: Ու ստացվում է, որ Աստծո հույսին ռազմավարական նշանակություն ունեցող ավտոճանապարհ է կառուցվել:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այժմ «Տավուշի ճանապարհների շահագործման եւ շինարարական» ՓԲԸ-ն կատարում է 2 տարի առաջ գործարկված շրջանցիկ ավտոճանապարհի սողանքից քանդված հատվածի նորոգումը: Բանվորները քանդված հատվածի ներքեւի մասում խճաքարերից գամբիոններ են սարքում: Ճանապարհաշինական ընկերության տնօրեն Գագիկ Ադամյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ պետական բյուջեից այդ նպատակով հատկացվելու է 25 կամ 26 միլիոն դրամ, ճանապարհաշինական ընկերությունը դեռեւս գումարը չի ստացել: Նա ասաց, որ ծրագրով նախատեսված է ճանապարհի վերանորոգումն ավարտել այս տարվա նոյեմբերին, սակայն հավանական է, որ նորոգումն ավելի շուտ կավարտեն: Նորոգման աշխատանքների պատճառով շրջանցիկ ավտոճանապարհը չի փակվել, այն երթեւեկելի է:

Հուսանք՝ գոնե այս նորոգումը ավտոճանապարհին երկար ժամանակ շահագործելու հնարավորություն կտա:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս