Եղեգիսում հաղթած Արթուր Ստեփանյանը չի՞ վախենում, որ ընտրությունները կբողոքարկվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ին Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրություններում պարտված թեկնածու Տիգրան Խուդոյանի կողմնակիցները երեկ վաղ առավոտից փակել էին Եղեգնաձոր-Վարդենիս ճանապարհը՝ պահանջելով չեղարկել ՏԻՄ ընտրությունների արդյունքները։
Ուշագրավն այն է, որ ե՛ւ հաղթած թեկնածու Արթուր Ստեփանյանը, ե՛ւ պարտված Տիգրան Խուդոյանը ՀՀԿ-ականներ են, սակայն իշխող կուսակցությունն ընտրություններում սատարում էր պարտված թեկնածուին: Արթուր Ստեփանյանը ստացել է 1952 ձայն, Խուդոյանը՝ 1816 ձայն: Այս ընտրատարածքում եւս երկու թեկնածու էր առաջադրված, ովքեր սակայն սատարում էին հենց Արթուր Ստեփանյանին:

Այսպիսով՝ ընտրությունների արդյունքների հետ համաձայն չլինելով՝ Խուդոյանի մի խումբ կողմնակիցներ երեկ փակել էին ճանապարհը՝ պահանջելով, որ իրենց համայնքը ղեկավարի հենց նա: Ավելի ուշ ճանապարհը փակած բնակիչներին հանդիպել է Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, բանակցություններից հետո կրքերը հանդարտվել են, եւ բնակիչները բացել են ճանապարհը:

«Ճանապարհը փակել էին հիմնականում Տիգրան Խուդոյանի կողմնակիցները: Նրանք չեն կարողանում համակերպվել իրենց թեկնածուի պարտության հետ: Նրանց հետ հանդիպման ժամանակ ներկա էր նաեւ պարտված Տիգրան Խուդոյանը: Մենք բացատրեցինք, որ ճանապարհ փակելն անօրինական է: Ես բացատրեցի, որ ընտրության արդյունքները բողոքարկելու օրենքով սահմանված տարբերակներ կան, սակայն ճանապարհ փակելը դրանցից մեկը չէ», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
Վայոց ձորի մարզպետի խոսքով՝ բնակիչները ոչ միայն պահանջում են չեղարկել ընտրությունները, այլ համաձայն չեն վարչատարածքային բաժանման հետ եւ պահանջում են իրենց Շատին համայնքն առանձնացնել, սակայն մարզպետի խոսքով՝ դա այլեւս հնարավոր չէ:

Իրադարձությունների ընթացքի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վայոց ձորի Եղեգիս համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթած թեկնածու Արթուր Ստեփանյանի հետ:

-Պարո՛ն Ստեփանյան, Ձեր մրցակից Տիգրան Խուդոյանի թիմակիցներն այսօր փակել էին ճանապարհը` պահանջելով չեղյալ համարել նոյեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքները եւ Ձեզ մեղադրում էին խախտումներով ընտրվելու մեջ:

-Յուրաքանչյուր պարտված կողմ ընտրություններից հետո պետք է գնա արդար եւ խելացի ճանապարհով այդ հարցին լուծում տալու, այլ ոչ թե ժողովրդին հանի ոտքի, ճանապարհ փակի: Այդ ինչու ողջ համայնքի ընտրությունների հետ կապված ոչ մի տեղ խնդիր չառաջացավ, միայն Շատին համայնքում առաջացավ: Ի սկզբանե Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանը ժողովրդի հետ իր հանդիպումների ժամանակ անընդհատ միայն քարոզում էր` ես եմ, ես եմ, ամենաուժեղն եմ, ամենախելոքն եմ, գիտությունների թեկնածու եմ, նախագահն իմ կողքին է… : Դե, հիմա ես այստեղ մեղք ունե՞մ, որ բոլորն իրեն սատարում են, ընտրություններն արդար են անցել, եւ ժողովուրդն ինձ է իր քվեն վստահել: Եթե ես պարտվեի, ես կզանգեի, կշնորհավորեի…

-Տիգրան Խուդոյանը մեզ հետ զրույցում նշեց, թե մտածում է հետագա քայլերի շուրջ, այդ թվում` ընտրությունների արդյունքների բողոքարկման: Խնդիր չե՞ք տեսնում:

-Եթե բոլոր ընտրատեղամասերում եղել են իր մարդիկ, բոլոր ընտրատեղամասերում քվեաթերթիկները հաշվել են հատ-հատ, դրել են, տարել, հանձնել են ԿԸՀ, եւ դրա խնդիրը չկա: ԿԸՀ-ն արդեն հրապարակել է, որ Եղեգիս համայնքի ղեկավար եմ ընտրվել ես: Ես այստեղ խնդիր չեմ տեսնում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս