Հայ ջութակահարի հաջողությունները՝ Եվրոպայում․ նա կանդրադառնա նաև հայկական արմատներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայում բնակվող հայ ջութակահար Հրայր Կարապետյանը, ով զբաղվում է համերգային գործունեությամբ, մասնակցում տարբեր մրցույթների, աշխատում է մի շարք նվագախմբերի հետ, հասցրել է արտերկրում մեծ բեմեր գրավել։ Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ աշխատում է համերգային հագեցած գրաֆիկով։ Հրայրն այս պահին Իսպանիայում է, օրեր առաջ էլ մաստեր-կլաս է ունեցել աշխարհահռչակ ջութակահար Դմիտրի Սիտկովեցկու հետ (մաեստրոն նախկինում համերգներով հանդես է եկել նաեւ Երիտասարդական նվագախմբի հետ):

«Վերջերս սկսել եմ համագործակցել Բելգիայի Երիտասարդական նվագախմբի հետ՝ որպես կոնցերտմայստեր։ Նվագախմբի հետ այս եւ հաջորդ սեզոններին հանդես ենք գալու եվրոպական այնպիսի հայտնի դահլիճներում, ինչպիսիք են՝ Ամստերդամի «Concertgebouw»-ն, Բրյուսելի «Palais de beaux arts»-ը, Անտվերպենի «Queen Elizabeth Hall»-ը եւ այլն»,- պատմեց Հրայրը։

Նա՝ որպես կոնցերտմայստեր, համագործակցում է Բելգիայի, Շվեյցարիայի եւ այլ երկրների հայտնի նվագախմբերի հետ։

Երաժիշտը սկսել է աշխատել նաեւ իր՝ թվով երկրորդ ձայնասկավառակի վրա, որտեղ տեղ կգտնեն բացառապես հայկական ստեղծագործություններ․ «Նախագիծը կոչվելու է «Հին ու նոր Հայաստան», սկավառակում ընդգրկվելու են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի եւ այլոց ստեղծագործություններ, ինչպես նաեւ հայ ժամանակակից կոմպոզիտորների գործեր։ Հրայրը նշեց, որ այս նախագիծը փորձելու է ներկայացնել Հայաստանում եւ Արցախում։

Հարցին, թե արդյոք Հայաստան վերադառնալու ծրագրեր ունի, Հրայրը պատասխանեց․ «Շատ կարոտում ու սիրում եմ մեր Հայաստանը, բայց այստեղ ունեմ ավելի մեծ հնարավորություններ, օրինակ՝ մասնակցում եմ «DakApp»-ի կազմակերպած «Dakademy» ծրագրին, որը հնարավորություն է տալիս համերգներով հանդես գալ եվրոպական հինգ հայտնի համերգասրահներում, ձայնագրել DVD եւ CD, անցկացնել վարպետության հինգ դաս աշխարհի լավագույն մասնագետների հետ։ Եթե ապրեմ Հայաստանում, շատ դժվար կլինի հաճախակի մեկնել ճամփորդությունների։ Բացի այդ՝ կնոջս՝ դաշնակահար Հասմիկ Մանուկյանի հետ համերգներ ունենք Բելգիայում, Իսպանիայում, Գերմանիայում եւ Հայաստանում ապրելով՝ հանարավոր չէ դրանց մասնակցել»։

Աննա Բաբաջանյան




Լրահոս