ՀՀ բնապահպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերը:
Այս նախագծերի անհրաժեշտությունն, ըստ ՀՀ բնապահպանության նախարարության, պայմանավորված է այն փաստով, որ վերջին շրջանում Հայաստանում ապօրինի անտառհատման եւ ՀՀ Կարմիր գրքերում գրանցված կենդանիների որսի բազմաթիվ դեպքեր արձանագրվեցին:
Ուստի բնապահպանության նախարարությունն առաջարկում է այդ արարքների համար պատիժները խստացնել: Մասնավորապես առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 295-րդ, 296-րդ եւ 297-րդ հոդվածներոում:
ՀՀ ՔՕ 295 «ՀՀ Կարմիր գրքում գրանցված օրգանիզմների բնակության անհետացող կամ հազվագյուտ վայրերի ոչնչացումը» հոդվածը ներկայումս որպես պատիժ նախատեսում է տուգանքով՝ 200 հազարից 600 հազար դիամի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Նախագծով առաջարկվում է այս հոդվածի պատժաչափերը տուգանքի դեպքում դարձնել 400 հազար դրամից մինչեւ 1 միլիոն 200 հազար դրամ, իսկ ազատազրկումը` մինչեւ չորս տարի: ՀՀ ՔՕ 296-րդ «Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը» հոդվածն ունի չորս մասեր, որոնցով սահմանված են ապօրինի ծառահատման եւ անտառահատման համար պատիժները:
Այս դեպքում եւս պատիժները էապես խստացվում են: ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածը` «Անտառները ոչնչացնելը կամ վնասելը», ներկայումս անտառների ոչնչացման համար առաջին մասով սահմանում է տուգանք՝ 300 հազար դրամից 500 դրամի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, նույն դրույթի երկրորդ մասով անտառները հրդեհելու համար որպես պատիժ նախատեսված է երեքից ութ տարվա ազատազրկում: Առաջին մասով պատիժը տուգանքի մասով առաջարկվում է դարձնել 700 հազարից մինչեւ մեկ միլիոն դրամ, իսկ ազատազրկումը մինչեւ երեք տարի:
Իսկ նույն դրույթի երկրորդ մասի` պատիժը նախատեսվում է դարձնել չորսից ութ տարվա ազատազրկում, ինչպես նաեւ ավելացվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հանգամանքը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» առաջարկվող փոփոխություններով էլ առաջարկվում է խստացնել վարչական իրավախախտումների տեսքով անտառահատումների համար սահմանված տույժերի չափերը: Նախագծի հեղինակների կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունների ընդունելով Հայաստանի Հանրապետությունը կապահովի մարդու իրավունքների պաշտպանության՝ իր պոզիտիվ պարտականությունը:
«Բացի այդ՝ նախագծերի ընդունմամբ կստեղծվեն շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված անհրաժեշտ պատժիչ քաղաքականության նախադրյալներ՝ ապահովելով էկոլոգիական բացասական հետեւանքների դեմ պայքարի քառաստիճան համակարգի կետերից յուրաքանչյուրի իրականացումը»,- նշված է բնապահպանության նախարարության հեղինակած նախագծի հիմնավորումներում:
Վ. Հ.