Ճիշտ մարդու չէի սիրահարվել, բազմիցս եմ սխալվել. Էվա Խաչատրյանի անկեղծ խոստովանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք հայ հայտնիների կյանքի՝ քչերին հայտնի դրվագների, վերջիններս կատարում են անկեղծ խոստովանություններ, նշում՝ ափսոսում են, որ իրենց առաջին սիրո հետ հարաբերությունները չեն շարունակվել, թե ոչ: Այսպիսով՝ մեր զրուցակիցը «Եղբայրներ», «Մամա», «Խաչվող հետքեր», «Ֆուլ հաուս» հեռուստանախագծերից եւ «Poker.am», «Հյուսիս-հարավ», «Carte Blanche» ֆիլմերից հայտնի դերասանուհի Էվա Խաչատրյանն է:

Նա այն կարծիքին է, որ եթե առաջին սերը մարդուն այցելում է շատ վաղ հասակում, այն, սովորաբար, ուժեղ էմոցիաներ չի թողնում. խոսքն այս դեպքում կոնկրետ այդ պահի տպավորության մասին է, իսկ եթե ավելի հասուն տարիքում է այցելում, սովորաբար չի մոռացվում, մնում եւ գունավորում է հետագա կյանքը. «Ես առաջին անգամ լրջորեն սիրահարվել եմ 17-18 տարեկանում, այդ ժամանակ առաջին կուրսում էի սովորում: Իհարկե, մինչ այդ բակում, դպրոցում բազմիցս ունեցել եմ հրապուրանքներ: Բայց ուսանողական տարիքում ամեն բան այլ էր, ես տաք էի, պատրաստ ամեն ինչի, ինչպես այդ տարիքում լինում է: Բայց բանն այն է, որ այդքան էլ ճիշտ մարդու չէի սիրահարվել, նա ոչ մի կապ չուներ ինձ հետ ոչ իր դաստիարակությամբ, ոչ ապրելակերպով: Այդ տղան հաշտ չէր նաեւ իմ ընտրած մասնագիտության հետ: Լավ էր, որ բաժանվեցինք, այլապես անհամատեղելի զույգ կլինեինք»:

Էվան նաեւ տեղեկացրեց, որ հետագայում հանդիպել է իր առաջին սիրուն, բայց նրա հետ կապը չի պահում: Վերջինս հասցրել է ընտանիք կազմել, ունի երկու երեխա:

Դերասանուհին խոստովանեց, որ իր առաջին սերը հետագա ընտրությունների վրա ոչ մի նշանակալի ազդեցություն չի ունեցել. «Ես սխալվել եմ, դրանից հետո էլ եմ բազմիցս սխալվել. այդ ամենը մարդու համար է: Մեծ հաշվով դա սխալվել էլ չէ: Ի վերջո, ընտրություն կատարելը շատ բարդ է: Կարող ես հազար անգամ փորձել, ոչինչ չստացվի եւ մեկ անգամ փորձել, ու դա ճիշտ ընտրություն լինի: Ամեն բան հարաբերական է եւ ինդիվիդուալ: Ես ուրախ եմ, որ դեռ չեմ գտել իմ կեսին, քանի որ զարգացումն ինձ մոտ լուսային արագությամբ է տեղի ունենում, եւ ով էլ կողքիս լիներ, չէր հասցնելու հետեւիցս հասնել ու տուժելու էր, ինչը ես բազմիցս զգացել եմ: Լավ կլինի, որ կողքիդ տղամարդ հայտնվի այն ժամանակ, երբ երկուսդ էլ բավականաչափ հասուն եք»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս