Ինչ կապ ունեն Էդուարդ Շարմազանովն ու նրա ոստիկանապետ եղբայրն ալավերդցի Վահագի հետ. նրանց կկանչե՞ն հարցաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի սեպտեմբերի 14-ին Երեւանում` Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների գործով պաշտոնատար անձանց կալանավորման գործընթացը շարունակվում է: Ինչպես հայտնի է` 2018 թվականի հունվարի 18-ին իրավապահները ձերբակալեցին քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու փաստի առթիվ: Բացի այդ` ԱԱԾ-ն գաղտնալսել էր Աբգարյանին եւ պարզել, որ նա կապի մեջ է եղել մի շարք պաշտոնատար անձանց հետո: Այսպիսով` բացահայտվել էր, որ Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանցից մեկին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք` սպանության գործով իր եւ իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար: Եւ այդ գործի շրջանակներում երկու օր առաջ կալանավորվեց Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը: Ձերբակալվել է Լոռու մարզի քննչական վարչության եւս մեկ քննիչ, որի կալանքի մասով ՀՔԾ եւս միջնորդություն կներկայացնի դատարան:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, բացի քննիչներից, իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել այլ պաշտոնատար անձինք, որոնք մտերիմ հարաբերությունների մեջ են եղել քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի հետ: Չի բացառվում, որ հարցաքննության հրավիրվեն Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, նաեւ Վահագն Աբգարյանի մանկության ընկեր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ի դեպ, Վահագն Աբգարյանի հետ բավականին մոտ է նաեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբայրը` ոստիկանության Լոռու մարզի Գուգարքի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ էրիկ Շարմազանովը, ուստի չի բացառվում, որ նրան եւս կանչեն հարցաքննության:

«Ժողովուրդ» օրաթերթը այս կապակցությամբ զրուցեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

-Պարո՛ն Շարմազանով, միգուցե Ձեզ ե՞ւս հրավիրեն հարցաքննության, քանի որ մտերիմ կապերի մեջ եք Վահագն Աբգարյանի հետ եւ միգուցե նրա պլաններից տեղյա՞կ եք եղել:

-Ուրեմն, ինձ ոչ մեկ չի կարող հրավիրել հարցաքննության, ոչ թե չի կարող…: Վահագն Աբգարյանը իմ համաքաղաքացիներից մեկն է, իր նման համաքաղաքացիներ մենք…

-Որպես համաքաղաքացի` նրա հետ կապի մեջ չե՞ք եղել:

-Ի՞նչ կապ:

-Օրինակ` նրա պլանների մասին, որ Ձեզ հայտներ, որ վրեժխնդիր է լինելու, հանցավոր խումբ է ստեղծել:

-Ալավերդին մեծ քաղաք է, ես բոլորին ճանաչում եմ, եւ այստեղ ոչ թե արդարանալու խնդիր կա, ոչ էլ մտահոգվելու խնդիր կա: Այո՛, ասել եմ` Վահագն Աբգարյանը, ինչպես Տարոն Աբգարյանը, ինչպես շատ-շատ մարդիկ, մի քաղաքի բնակիչներ են, եւ ես բոլորին էլ ճանաչում եմ, բոլորն էլ ինձ են ճանաչում: Ի տարբերություն շատ-շատ մարդկանց, ես պախկված չեմ մեծացել, շատ լավ սովորել եմ դպրոցում, բոլորն ինձ շատ լավ ճանաչում են, եւ հարաբերությունները այնքան լավ են, որքանով մի քաղաքի բնակիչը մյուս քաղաքի բնակիչների հետ: Հատուկ, եթե քրեական գործի հետ կապված եք ասում, ես Վահագն Աբգարյանին տեսել եմ մեկ տարի առաջ, մենք հատուկ կապ չենք ունեցել, բայց խնդիր չկա, եթե որեւէ մեկին որեւէ բան հետաքրքրում է, ես որեւէ անհանգստանալու բան չունեմ: Ալավերդին փոքր քաղաք է, ես իմ քաղաքում մարդկանց, բացի իրար բարիշացնելուց, այլ գործունեությամբ չեմ զբաղվում:

-Այսինքն` Վահագն Աբգարյանի հետ կապը եղել է մեկ տարի առաջ եւ նրա պլանների մասով որեւէ տեղեկություն չե՞ք ունեցել:

-Ուրեմն լսե՛ք, ինձ որեւէ մեկի պլանները հետաքրքիր չեն, ես պետական պաշտոնյա եմ, ես Ազգային ժողովի նախագահի տեղակալն եմ, Ձեզ շատ հարգում եմ, բայց իմացեք` ում ինչ հարց եք տալիս: Ես Էդուարդ Շարմազանովն եմ, որն Ալավերդի քաղաքում ունի շատ բարձր հեղինակություն, եւ որեւէ պլաններ էլ ինձ հետաքրքիր չեն, ոչ թե հետաքրքիր չեն, ի՞նչ, պետք է գնամ, հարցնեմ, կամ ի՞նչ պլան:

-Իրավիճակը այսպիսին է. եղել են մարդիկ, որ նրա պլանների մասին տեղյակ են եղել կամ ձեռնպահ են մնացել նրան պատասխանատվության կանչելուց: Մի՞գուցե Ձեզ էլ է կիսվել, ասել: Նրա գործողությունների հետ կապված կան կալանավորված պաշտոնյաներ, եւ հարցաքննություններն ու կալանավորումները կշարունակվեն:

-Բայց ինքը ինչո՞ւ ինձ հետ պետք է կիսվի: Իրավապահ խնդիրներին ես գնահատական չեմ տալիս, թող գնան, ստուգեն, նայեն` ով կապի մեջ է եղել, ով կասկածելի է, թող կանչեն հարցաքննության, ես մտահոգվելու խնդիր ունեմ, էլի եմ ասում` Վահագն Աբգարյանը, ինչպես իմ քաղաքի տասնյակ բնակիչները, բոլորին ճանաչում եմ, Վահագին էլ եմ ճանաչում շատ լավ, իրենք էլ ինձ են ճանաչում, բայց ի՞նչ կապ: Դրա համար կան իրավապահ մարմիններ, թող իրավապահ մարմինները ճշտեն` ով ինչ պրոբլեմ ունի, ով ինչ է արել, եւ խնդրում եմ` ինձ, որպես մարդ, նման բաների մեջ մի … Վահագի ծնողներին էլ եմ ճանաչում, խնդիրը ո՞րն է, ես բոլորին եմ ճանաչում, բոլորն էլ` ինձ: Կամ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում` Ազգային ժողովի նախագահի տեղակալին մեկը գա, ասի` ես այսպիսի պլաններ ունեմ: Ես ո՛չ հանցագործ հեղինակություն եմ, ո՛չ հանցագործ կլանների հետ որեւէ կապ ունեմ, իսկ ալավերդցիների հետ, բոլորի հետ շփվում եմ այնքանով, որքանով ալավերդցին:

-Տեղեկություններ կան, որ բացի Ձեզնից` նաեւ Ձեր եղբայրը` ոստիկանության Լոռու մարզի Գուգարքի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ էրիկ Շարմազանովը, բավականին մոտ հարաբերություններ ունի նրա հետ:

-Ինչպես իմ հետ է նույն հարաբերությունների մեջ, այնպես էլ իմ եղբոր հետ, սովորական, քաղաքի տղաներ ենք եղել: Իմ եղբոր հետ կապելը դա արդեն անբարոյականություն է:

-Այսինքն` Ձեր եղբայրն էլ խնդիր չունի՞, քանի որ հիմա իրավապահ մարմինների կալանավորման շարք է սկսվել:

-Ո՛չ, իմ եղբայրն ընդհանրապես խնդիր չունի, իմ եղբայրը Գուգարքում է ապրում, Գուգարքով է զբաղված եւ իրավապահ համակարգի ներկայացուցիչ է: Իսկ ով նման բան է մտածում, գլուխը պատով է տալիս, թող գնան, ստուգեն, նայեն: Կոչ եմ անում իրավապահ մարմիներին` ոչ մի բանից չկաշկանդվել, գնալ, նայել, ստուգել: Կարծում եմ, որ իրենք չեն էլ կաշկանդվում, իմ խորհրդին չեն էլ սպասում, բայց որպես ԱԺ նախագահի տեղակալ` ասում եմ, որ ոչ մի բանից մի՛ կաշկանդվեք եւ գնացե՛ք, աշխատե՛ք:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս