Մարտի 24-ին, ժամը 13:00-ին ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 35 շենքի տանիքը:
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վնասվել են շենքի տանիքի մոտ 70 քմ հատվածի երկաթյա թիթեղները։
Փրկարարներն իրականացրել են տանիքի մնացած հատվածի երկաթյա թիթեղների ամրացման աշխատանքներ։ Տուժածներ չկան:
Ուշադրություն
Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։
Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25 մ/վրկ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրոհաղորդման գծեր և այլ առարկաներ։
Պայմանավորված նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին կոչ ենք անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն։