ՇՈՒՐՋՕՐՅԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները երեկ Ազատության հրապարակում անցկացրին իրենց երրորդ հանրահավաքը: Չնայած ակցիան այնքան էլ բազմամարդ չէր, սակայն ճակատի անդամները չհուսահատվելու եւ մոբիլիզացնելու կոչեր հնչեցրին: Ճակատի անդամներն ապրիլի 30-ին եւս մեկ հանրահավաք են անցկացնելու, իսկ արդեն ապրիլի 9-ին ծրագրում են ամեն օր լինել Ազատության հրապարակում:

Նշենք, որ նախորդ հավաքներին հայտարարվել է, որ կփորձեն կանխել Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարումը, բացի այդ` պատրաստվում են ստեղծել «ժամանակավոր կառավարություն», ազատ արձակել «քաղբանտարկյալներին» եւ հետագայում «Սահմանադիր ժողովի» կողմից հաստատել «Սահմանադրություն» եւ անցկացնել նոր ընտրություններ:
«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամներն այս օրերին տարբեր փակ հանդիպումներ են ունենում քաղաքական տարբեր անհատների հետ: Ճակատի անդամներն օրեր առաջ հանդիպել են նաեւ «Ազատամարտիկների միության» անդամներին, սակայն վերջնական որոշում չի կայացվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ճակատի անդամներն օրեր առաջ հանդիպել են նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության անդամներ Նիկոլ Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի հետ:
Չնայած այս պահին դեռ վերջնական որոշումն առկա չէ, սակայն ճակատի անդամները չեն բացառում, որ ինչ-որ պահի նրանք կմիավորվեն, քանի որ, ի վերջո, երկու ուժերն էլ նույն ուղղությամբ են պայքար տանում եւ երկուսն էլ ապրիլի 9-ից ցանկանում են շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել: Միավորման հարցում առավել եւս հիմք կարող է հանդիսանալ այն հանգամանքը, որ երկու ուժերն էլ ամեն դեպքում ժողովրդի ռեսուրսի պակաս ունեն, եւ միավորման դեպքում պատկերն ավելի ազդեցիկ կլինի:
Սակայն ամեն դեպքում երեկ բանակցությանը մասնակցած անձանցից հանրահավաքին ներկա էր միայն «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ավելի շատ որպես քաղաքացի է մասնակցում հանրահավաքին, եւ եթե այլ ուժեր եւս նման պայքարի դիմեն, ինքը նրանց կողքին էլ կկանգնի:
«Հանուն Հայաստան ճակատ»-ի անդամ Կարապետ Ռուբինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, թե այս պայքարն այնպիսին է, որ ինչ-որ մի պահի բոլոր ուժերը միանալու են հանուն մեկ նպատակի:
-Պարո՛ն Ռուբինյան, ի՞նչ փուլում են գտնվում ճակատի անդամների բանակցությունները:
-Ընթացքը դրական է, բայց շարունակական է լինելու: Նախօրեին ենք հանդիպում ունեցել բավական լայն շրջանակով, եւ պայմանավորվել ենք հաջորդ շաբաթ նույնպես հանդիպում ունենալ:
-Իսկ «ճանապարհային քարտեզ» մշակվա՞ծ է:
-Պայքարը լինելու է խաղաղ` քաղաքացիական անհնազանդության զինանոցն օգտագործելով: Ուժին ուժով չենք կարող պատասխանել, որովհետեւ անիմաստ է: Ուժի դաշտում իշխանությունները միշտ ավելի ուժեղ են:
-Այս ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւս հայտարարել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելու մասին: Իրենց հետ միասին պայքարելու հիմքեր տեսնո՞ւմ եք:
-Նախօրեին մենք հանդիպել ենք Նիկոլ Փաշինյանի հետ, խոսել ենք բավականին մանրամասը: Կարող եք դա էլ համարել բանակցություններ: Մեր ճակատի դիրքորոշումը հետեւյալն է` որ ողջունում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրերը՝ պայքարելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Փաստորեն մեր թիրախը մեկն է, եւ ուզենք, թե չուզենք` ինչ-որ պահի կմիավորվենք:
-Արդեն Ձեր երրորդ հանրահավաքն է, ի՞նչ եք կարծում՝ ժողովուրդը կմոբիլիզացվի՞:
-Այդ գնահատականը պետք է նայել՝ քանի քաղաքացի է արձագանքում գալով մեր հանրահավաքներին: Առայժմ բավարար չէ:
-Ըստ Ձեզ` ո՞րն է պատճառը: Արդյո՞ք ի դեմս Ձեզ` առաջնորդ չեն տեսնում:
-Ե՛վ ընդդիմության հանդեպ անսվտահություն է առկա, ե՛ւ հուսահատված են՝ կարծում են, թե ոչինչ չի փոխվի: Կարծում եմ՝ նախորդ պայքարի հուսահատությունը շատ մեծ է, եւ մյուս կողմից էլ մենք այդ վստահությունը միգուցե ձեռք չենք բերել: Շատ հնարավոր է նաեւ` առաջնորդ չեն տեսնում: Քայլեր անում ենք, դրա համար հարցազրույցներ ենք տալիս, ելույթներ ենք ունենում, հանրահավաքներ ենք անցկացնում:
Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 30-ին հրապարակելու է իր ճանապարհային քարտեզը, որով պայքարելու է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Ինչպես հայտնի է՝ «Ելք» դաշինքում չեն ընդունել Նիկոլ Փաշինյանի առաջարկած քարտեզը, եւ վերջինս իր թիմի հետ միայնակ է պայքար սկսելու՝ այդ ճանապարհին բանակցելով նաեւ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամների հետ: Հավելենք, որ Փաշինյանի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզը կրում է 14+4 անվանումը, որը ենթադրում է 14-օր շուրջօրյա հանրահավաքներ եւ 4 օր նստացույց:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ

ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը առաջիկայում վաճառքի է հանելու ոստիկանության հաշվեկշռում գտնվող ավելի քան 50 ավտոմեքենաներ։ Դրանց առաջին աճուրդը տեղի կունենա ապրիլի սկզբին։

Այսպես` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վաճառքի կհանվի ինչպես արտասահմանյան, այնպես էլ խորհրդային տարիների արտադրության ավտոմեքենաներ։ Օրինակ` վաճառքի կհանվի 2007-2009 թվականների արտադրության «Տոյոտա-Կոռոլլա» մակնիշի 15 հատ ավտոմեքենա։ Դրանց գնահատված եւ մեկնարկային արժեքը սկսվում է 90 հազար դրամից մինչեւ 500 հազար դրամ։ Բնականաբար, յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո հաջորդող աճուրդին ավտոմեքենաների արժեքը նվազում է 10 տոկոսի չափով։ Նշենք, որ ոստիկանության «Տոյոտա-Կոռոլլա»-ների աճուրդները կայանալու են 4 անգամ, վերջինը՝ հունիսի 6-ին։ Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ դրանք շահագործման ենթակա չեն։ Այդ պատճառով էլ էժան են գնահատվել։ Մյուս կողմից նման՝ շահագործման համար ոչ պիտանի ավտոմեքենաները հիմնականում ձեռք են բերում ավտոպահեստամասերի համար։ Բացի այս` ոստիկանությունը աճուրդի է հանելու նաեւ 1997 թվականի արտադրության «Ինֆինիտի»՝ 380 հազար դրամ մեկնարկային արժեքով։ Նաեւ վաճառքի կա 1993 թվականի արտադրության, 50 հազար դրամ արժեքով «Վազ 21061»։ Իսկ ահա 1998 թվականին արտադրված «Կիա»-ն գնահատվել է 250 հազար դրամ։ Եթե այն ապրիլի 16-ին չվաճառվի վերոնշյալ արժեքով, ապա մայիսի 2-ին կունենա 200 հազար դրամ գինը։ Օրինակ` 1995 թվականի արտադրության «Վազ 21061»-ը գնահատվել է 50 հազար դրամ, բայց չվաճառվելու դեպքում 4-րդ աճուրդին վաճառքի կհանվի 25 հազար 600 դրամով։ Այս ավտոմեքենաները եւս խնդիրներ ունեն եւ շահագործման գրեթե ենթակա չեն։ Ասել է, թե պետական գույքի կառավարման վարչությունը փորձում է ազատվել ոստիկանության անպետք իրերից։ Կհաջողվի՞, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։ Բայց չի բացառվում, որ ոստիկանությունը այդ ընթացքում կփորձի այս ավտոմեքենաները փոխարինել նորերով՝ պետական միջոցները օգտագործելով։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ` ԻՋԵՎԱՆԻ ԲԿ-Ի ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում Իջեւանի բժշկական կենտրոնում նորածնի մահվան փաստի կապակցությամբ քրեական գործ է քննվում: Այն հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում): Սույն հոդվածը նախատեսում է 2-6 տարի ժամկետով ազատազրկում` որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել: Հավելենք, որ 2018թ. փետրվարի 12-ին մահացած, Իջեւանում տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ Ստեփան Ստեփանյանի մահվան փաստով եւս քրեական գործը հարուցվել է 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ ՀՀ քննչական կոմիտեից ստացված տեղեկատվության` փետրվարի 11-ին` ժամը 23:15-ի սահմաններում, Ստեփան Ստեփանյանը դիմել է զորամասի բուժկետ, ապա տեղափոխվել Իջեւանի բժշկական կենտրոն` բուժօգնության: Հաջորդ օրը` փետրվարի 12-ին` ժամը 07:30-ին, Ս. Ստեփանյանը անգիտակից վիճակում տեղափոխվել է Երեւան, ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ուր փետրվարի 12-ին` ժամը 17:30-ին, մահացել է:

 

 

ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնը երկար ժամանակ թափուր է: Մարտի 16-ին այդ թափուր պաշտոնի համար մրցույթ է կայացել: Տավուշի մարզպետարանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մրցույթում հաղթողներ չեն եղել: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում առողջապահության եւ սոցապ վարչության պետի պաշտոնը շարունակում է նշվել որպես թափուր: Մարզպետարանի ենթակայության ներքո, ըստ օրենքի, մարզի 3 ոլորտներն են` առողջապահություն, սոցիալական ապահովություն եւ կրթություն: Այդ 3 բնագավառներից 2-ը համակարգող վարչության պետի պաշտոնը շարունակում է թափուր մնալ, մինչդեռ սահմանամերձ Տավուշի մարզի նշված ոլորտներում բազում եւ բազմապիսի չլուծված խնդիրներ կան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս