Կանաչ լույս. Պաշտպանության նախարարությունում ուշագրավ համալրում է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո եղան նաեւ պաշտոնանկություններ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպայական կազմում: Միայն թե Սերժ Սարգսյանի այդ քայլն ընդամենը «գոլորշի բաց թողնելու» նպատակ էր հետապնդում՝ հանրային դժգոհությունները ժամանակավորապես մեղմելու համար: Պատերազմից երկու տարի անց նրանց աննկատ փորձում են «մաքուր» հանել եւ չպատժել, ոմանց էլ՝ աշխատանքով ապահովել:

Եվ այսպես` քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ում լրջագույն բացթողումներ հայտնաբերվեցին: Հետեւեց մանր ու միջին ձկների նկատմամբ որսը: Նախ` ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվեց զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը /որն ավելի ուշ, շնորհիվ Ս. Սարգսյանի հետ մտերմության, նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ/, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի Ալիկ Միրզաբեկյանը, իսկ ահա զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից ազատվեց գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը:

Բացի այս` մայիսի 31-ի երեկոյան ձերբակալվեց գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, որը քառօրյա պատերազմից հետո ազատվել էր պաշտպանության նախարարության սպառազինության վարչության պետի պաշտոնից: Ձերբակալվածների թվում է նույն վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը: Գեներալ-մայոր Չիլինգարյանը եւ գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է` իշխանությունը չարաշահելու մեջ, որ առաջացրել է ծանր հետեւանքներ:

Ձերբակալված երրորդ պաշտոնյան պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական եւ հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանն է, ով կասկածվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:

Բայց արի ու տես, որ այս ամենից որոշ ժամանակ անձ ՊՆ պաշտոնյաները ջրից չոր են դուրս եկել, ու միայն պաշտպանության նախարարության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանն է հայտնվել մեղադրյալի աթոռին: Վերջինիս մասով քրեական գործը ուղարկվել է դատարան, սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նրան արդարացրել է:

Ի դեպ, Արմեն Մարգարյանի քրեական գործով ինֆորմացիան դատական տեղեկատվական համակարգում փակ է պահվում: Հավանաբար սա ոչ թե այն պատճառով, որ գործում առկա են ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, այլ որպեսզի հասարակությունը չիմանա, թե ինչ եղան ապրիլյան իրադարձություններից հետո ձերբակալված գնդապետների ճակատագրերը:

Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Մարգարյանի նկատմամբ կայացրել է արդարացման վճիռ:

Բայց մեղադրող դատախազն այդ դատավճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Այստեղ բավարարել են դատախազի բողոքը եւ բեկանել գործը՝ լրացուցիչ քննության ուղարկելով առաջին ատյանի դատարան:

Միայն թե վերաքննիչի որոշման հետ էլ համաձայն չի եղել ամբաստանյալ գնդապետը: Նրա պաշտպանները ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը իրենց հերթին են բողոքարկել, եւ հիմա գործը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում:

Ինչ որոշում կկայացանի դատարանը, դժվար է ասել, սակայն փաստ է մեկ բան, որ առաջին ատյանի դատարանը ՊՆ նախկին պաշտոնյային արդարացնելու որոշումն ինքնագլուխ չի կայացրել, այլ միայն Բաղրամյան 26-ի հետ ճշգրտումներից հետո: Ասել է, թե այս ամենի պատասխանատուն նաեւ Սերժ Սարգսայանն է, որը դեռ մի քանի օր առաջ ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարն էր:

Քնար Մանուկյան




Լրահոս